News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով`Ցեղասպանություն: Նախագահ Թրամպը խուսափել էր օգտագործել ցեղասպանություն եզրույթը, իսկ Էրդողանը, ինչպես եւ սպասվում էր, ժխտողական հայտարարություն էր տարածել...

Նախագահ Մակրոնը ապրիլի 24-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հղած նամակում հայտարարել է. «Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. ապրիլի 24-ը եւ 600 հայ մտավորականների սպանդը Կոնստանդնուպոլիսում, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից եւ հյուծվածությունից.... Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռեւս 1915 թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության եւ քաղաքակրթության դեմ ոճիր: 1915 թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականների»: Իր ցավակցական նամակում Ֆրանսիայի նախագահը հայերի զանգվածային սպանությունները մի քանի անգամ ճշտորեն սահմանել է որպես ցեղասպանություն:

Մյուս կողմից, նախագահ Դոնալդ Թրամփը, կրկնեց անցյալ տարվա հայտարարությունը՝ խուսափելով ցեղասպանություն եզրույթից եւ օգտագործելով «Մեծ եղեռն» բառերը, որոնք անիմաստ են ամերիկացիների մեծամասնության համար: «Մեծ եղեռնը» (Մեծ ոճրագործություն) այլ բառերի հետ միասին օգտագործվել է հայերի կողմից մինչեւ 1940-ական թվականներին Լեհաստանի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառի ստեղծումը: Եթե «Մեծ եղեռնը» պարզապես հայերի դեմ թուրքերի վայրագությունների նկարագրությունն է, ցեղասպանությունը միջազգային իրավունքի տերմինաբանություն է՝ համաձայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու կոնվենցիայի: Թրամփը օգտագործեց «Մեծ եղեռն» բառերը, որպեսզի պարզապես խուսափի ցեղասպանություն եզրույթից՝ թուրքական կառավարությանը հանգստացնելու համար: Ամոթալի է, որ ոչ ավանդական ղեկավար Թրամփը, որը հպարտանում է իր անսովոր դիրքորոշմամբ բազմաթիվ ազգային եւ միջազգային հարցերում, պետք է հետեւի իր նախորդների խուսափողական ավանդույթին եւ համընթաց գնա Անկարայի ժխտողականների հետ...

Ապրիլի 24-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ի պատասխան լրագրողի հարցի, հաստատեց, որ նախագահ Թրամփը պարզապես պատճենել էր իր նախորդների լեզուն: Սանդերսն ասաց. «Նախագահի ստորագրած բանաձեւը համահունչ էր նախորդ վարչակազմերի բանաձեւերի հետ»:

Նախագահ Թրամփը, կիրառելով խոսքի վարժանքեր, Հայոց ցեղասպանությունը հիշատակեց որպես «վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը», «1915-ի սարսափելի իրադարձություններ» եւ «անցյալի ցավոտ տարրեր»: Թրամփի խորհրդականները վատ ծառայություն են մատուցել նրան, խորհուրդ տալով ցեղասպանություն եզրույթը փոխարինել «Մեծ եղեռն»-ով: Ամերիկահայ քաղաքացիներին սիրաշահելու փոխարեն, այդ տերմինաբանությունը ավելի է հակադրում նրանց: Եթե Թրամփը ճիշտ բառն օգտագործելու խիզախություն չունի, նա չպետք է ընդհանրապես որեւէ հայտարարություն հրապարակի ապրիլի 24-ին: Նախկինում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թ. ապրիլի 22-ին: Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 եւ 1984 թվականներին երկու բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, իսկ ԱՄՆ կառավարությունը 1951 թվականին զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով Հայոց ցեղասպանությունը: Հետեւաբար, Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից: Թրամփին մնում էր միայն վերահաստատել Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ պատմական արձանագրությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտեց նախագահ Թրամփի «ձախողումը՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության ազնիվ հիշատակումը...  Թրամփի «Առաջինը Թուրքիան» մոտեցումը ամրացնում է Էրդողանի՝ ԱՄՆ-ի քաղաքականության սեղմումը՝ հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյաների ցեղասպանության վերաբերյալ»: Բացի այդ, Ամերիկայի հայկական համագումարը Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը բնութագրեց որպես «բաց թողնված հնարավորություն՝ աներկբայորեն վերահաստատելու Հայոց ցեղասպանությունը»:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարությունը մամուլի հաղորդագրություն  հրապարակեց  2018 թ. ապրիլի 25-ին՝ նախագահ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությանը հակազդելու նպատակով. «Մենք մերժում ենք պատմության ոչ ճիշտ եւ սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2018 թ. ապրիլի 24-ին՝ 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ: Մեր ակնկալիքն է ԱՄՆ վարչակազմից՝ այդ ժամանակահատվածի արդար գնահատում, որի ընթացքում չափազանց տուժել են Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, ինչպես եւ սպասվում էր, մի քանի լուրջ փաստացի սխալներ է պարունակում.

1) Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «500 հազար մահմեդականների» մահը այն հավասարեցնում է 1,5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների սպանդի հետ: Ցեղասպանության զոհերն ու պատերազմի կորուստները նույն բանը չեն:

2) Այն կրկնում է նույն սուտը, որ թուրքական կառավարությունը բացել է իր արխիվները հետազոտողների առջեւ եւ առաջարկել է ստեղծել «միասնական պատմական հանձնաժողով»: Իրականում, թուրքական իշխանությունները մաքրել են Օսմանյան արխիվները մերկացնող փաստաթղթերից, իսկ «միասնական պատմական հանձնաժողով»ը պարզապես խաղ է հետաձգելու Թուրքիայի մեղավորության ընդունումը:

3) Պարծենում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 2018 թ. ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հղած ուղերձով՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի» հիշատակությամբ: Մենք պետք է հիշենք, որ Հայոց ցեղասպանությունը կապ չունի Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստի վեց միլիոն հրեա զոհերը Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհեր չեն եղել:

Հուսով ենք, որ Էրդողանն ու Թրամփը քաջություն կունենան հայերի զանգվածային սպանություններն անվանելու իրենց իսկական անունով՝ Ցեղասպանություն: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արել է դա, նույնը պետք է անեն Էրդողանն ու Թրամփը...

Հարութ Սասունյան      

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ