Որեւէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը եւ չկա այս պահին: Այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ դա «սազական չէ այն զարթոնքին, որ հիմա կա Հայաստանում»:
«Մենք արել ենք համերաշխության կոչ, մենք ասել ենք, որ ամեն ինչ թափանցիկ է եւ հրապարակային: Մենք ասել ենք, որ որեւէ սակարկություն չկա: Ի պատիվ «Ծառուկյան» դաշինքի, ի պատիվ ՀՅԴ խմբակցության, ի պատիվ «Ելք» խմբակցության, ի պատիվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների՝ այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են: Որեւէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը եւ չկա այս պահին»,- հավելեց պատգամավորը:
Միրզոյանը հորդորեց կոալիցիայի հարցով չշտապել, միաժամանակ վստահեցրեց, որ Հանրապետական նախարարներից պրոֆեսիոնալները կմնան կառավարության կազմում, սակայն անուններ չտվեց:
Ինչ վերաբերում է այս օրերի ընթացքում ներկայացված հրաժարականներին. Արարատ Միրզոյանը խրախուսում է բոլոր այն հրաժարականները, որոնք տրվել են ՀՀԿ-ի երեկվա հայտարարությունից առաջ:
«Ես շատ կխրախուսեի հրաժարականները նախքան երեկվա հայտարարությունը: Կոնտակտի մեջ եմ շատ նախարարների եւ փոխնախարարների հետ, որոնք ամբողջովին սատարում են շարժումը վաղուցվանից՝ մի քանի օր առաջվանից: Ունեմ բազմաթիվ ուղերձներ այդ մարդկանցից, որ իրենք ամբողջովին կիսում են մեր մոտեցումները, տեսլականը, մեր պայքարը, բայց միայն մարդկային բարոյական փոխկապակցվածությունից ելնելով՝ չեն ներկայացնում հրաժարական»,- հավելեց պատգամավորը:











