Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
«Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում»,- ասել է Կարապետյանը:
Նա կառավարության անդամներին վերջին հանձնարարականն է տվել. բարեխղճորեն կատարել պարտականությունները՝ մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը: «Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչեւ վերջ պետք է կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաեւ ընդգծել է, որ գործադիրի այսօրվա նիստի օրակարգում միայն ընթացիկ հարցեր են. «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ»:











