News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Աղվան Վարդանյանի հետ կապված ՀՅԴ-ի դիրքորոշումը շատ հստակ է. նա պետք է վայր դնի իր մանդատը եւ արել է դա: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Վարդանյանը հեռացվի նաեւ կուսակցությունից, Ռուսամյանը պատասխանեց, որ նման որոշում դեռեւս չկա. «Այդպիսի որոշում դեռեւս չկա, բայց ես չեմ էլ բացառում»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը, սակայն, հերքեց Աղվան Վարդանյանի եւ Դաշնակցության միջեւ հնարավոր կոնֆլիկտի առկայությունը: «Ի՞նչ կոնֆլիկտի մասին է խոսքը. անձի եւ Դաշնակցության միջեւ կոնֆլիկտ չի կարող լինել: Հին ընկերները երբեք չեն դավաճանում: Դավաճանության մասին թող խոսեն նրանք, ովքեր իրենց տեղը չէին գտնում»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Իսկ հարցին, թե գուցե Աղվան Վարդանյանը հավատարիմ է մնացել Դաշնակցության գաղափարին, որ հին ընկերները չեն դավաճանում՝ նկատի ունենալով ՀՀԿ-ի հետ կոալիցիոն գործընկերությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Դավաճանության հարցը ո՞րն է: Կոալիցիան գոյություն ուներ, քանի այդ հուշագիրն աշխատում էր: Ֆորսմաժորային վիճակում այդ հուշագիրը չէր կարող աշխատել եւ չէր աշխատում։ Երկրորդ՝ այն դիրքորոշումը, որը պահանջվում էր Դաշնակցությունից, անկախ եւ ինքնուրույն տեսակետի արտահայտությունն էր, որով չէինք կարող առաջնորդվել, որովետեւ այդ հուշագիրը մեզ կաշկանդում էր: Աչքերը փակ չէինք պատրաստվում հետեւել Հանրապետականի ցանկություններին, մանավանդ տեսնում էինք, որ իրենք միշտ չէ, որ պահպանում էին իրենց մոտեցումները: Դաշնակցությունն այդ կուսակցությունը չէ, որ հետեւի մեկին կցորդի կարգավիճակով»:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ Աղվան Վարդանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, սակայն ինքը դա չի անի: Վարդանյանը հայտարարել էր նաեւ, որ եթե կուսակցությունը պահանջի, վայր կդնի մանդատը: Կարճ ժամանակ անց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նման պահանջ ներկայացրեց Աղվան Վարդանյանին:

Աղվան Վարդանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ