Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, որին հարազատ Դաշնակցություն կուսակցությունը որոշել է հեռացնել շարքերից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երեւան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր:

Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսեւորում էր՝ երդմանս հավատարիմ:

Մնացածը տասներորդական է:

Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում:

Երբեմն:

Բայց սա էլ է տասներորդական:

Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում:

Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է:

Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, սակայն ինքը դա չի անի: Վարդանյանը հայտարարել էր նաեւ, որ եթե կուսակցությունը պահանջի, վայր կդնի մանդատը: Կարճ ժամանակ անց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նման պահանջ ներկայացրեց Աղվան Վարդանյանին: