News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողին մահացած են գտել: 20-ամյա Արթուր Գասպարյանի դին հայտնաբերել են կեսգիշերն անց, գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Գասպարյանը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից էր, 1.5 տարվա զինծառայող: Նա ընտանիքի միակ որդին էր, քույր ունի: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ շարքային զինծառայողը մահացել է բերանի խոռոչի շրջանում ստացած մահացու վիրավորումից: Քրեական գործ է հարուցվել, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Իրավապահները քննում են մահվան հնարավոր վարկածները:

Ազգային ժողովն այսօր Սահմանադրական դատարանի անդամի էր ընտրում: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն Բաբայանի օգտին քվեարկել է 53 պատգամավոր, դեմ՝ 3-ը: «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը: Էդմոն Մարուքյանը բացատրել է՝ ընթացակարգային խնդիրներ կային:

Ինչ վերաբերում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը. «Ելք»-ում հույս ունեն, որ հանրապետականները կհետեւեն խմբակցության որոշմանը, եւ Ազգային ժողովը կկարողանա վարչապետ ընտրել: Էդմոն Մարուքյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն այդպիսով կդառնա փոքրամասնության վարչապետ, եւ վստահեցնում, որ նրա գլխավորած ժամանակավոր կառավարությունը կկարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները: Թեեւ հանրապետական որոշ պատգավորներ պնդում են, որ քվեարկելու են այնպես, ինչպես մայիսի 1-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ օժանդակելու են Փաշինյանի ընտրությանը:

Պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Աղվան Վարդանյանին նաեւ կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել:

Արձագանքելով որոշմանը՝ Վարդանյանը հայտարարել է, որ «ժողովուրդը, հավաքանակությունները դժվար են հանդուրժում սեփական տեսակետ ունեցողներին»: «Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքն անհատական պատասխանատվության դրսեւորում էր՝ Դաշնակցությանը տված երդմանս հավատարիմ: Մնացածը տասներորդական է»,- հավելել է Աղվան Վարդանյանը:

Պատճառը, հիշեցնենք, մայիսի 1-ին Ազգային ժողովում Վարդանյանի հայտարարությունն էր, որ թեեւ Դաշնակցությունը որոշել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց ինքը չի անի: Երեկ էլ խմբակցության քարտուղարը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Ի դեպ՝ մամուլի տեղեկություններով, Վարդանյանը վաղուց խնդիրներ ունի կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի հետ, եւ վերջինի համար սա պարզապես լավ առիթ էր՝ նրան ՀՅԴ-ի շարքերից հեռացնելու համար:

Երեւանում 26-ամյա երիտասարդի են սպանել: Ոստիկանությունն ահազանգը ստացել է կեսգիշերն անց: Շենգավիթում իրավապահները հայտնաբերել են 26-ամյա Գոռ Գասպարյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետքով, որից մեկը՝ սրտի հատվածում: Սպանության մեջ կասկածվողին արդեն հայտնաբերել են. բերման է ենթարկվել 23-ամյա Ռազմիկ Ն.-ն:

Նոր Արեշում վիճաբանության ժամանակ էլ հրազենային վիրավորում է ստացել 29-ամյա մի երիտասարդ: Երեւանի բնակիչ Հ.Ավագյանին հրազենային կույր վնասվածքով եւ պատռվածքով հիվանդանոց են հասցրել: Սպանության փորձի մեջ կասկածվողին որոնում են:

2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով Ռուսաստանի որոշ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, հատուկ ռեժիմ է սահմանվելու: Այն կգործի մայիսի 25-ից մինչեւ հուլիսի 28-ը: Հատուկ ռեժիմ է սահմանվելու, մասնավորապես, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի քաղաքներում: Անվտանգության միջոցառումներից ելնելով՝ oտարերկրյա, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները պարտավոր են  Ռուսաստանի նշված քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում: Անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Հավայան խոշորագույն կղզում ակտիվացել է Կիլաուեա հրաբուխը: Այն 45 մետր բարձրությամբ լավայի սյուներ է ժայթքել: Կղզում արտակարգ դրություն է հայտարարվել, շրջակա տարածքների բնակչությանը տարհանում են. արդեն 1.500 մարդ լքել է տները: Կիլաուեա հրաբուխը հատուկ տեղ ունի հավայան դիցաբանության մեջ. տեղաբնակները հավատում են, որ այնտեղ բնակվում է կրակի եւ հրաբխի աստվածուհի Պելեն: Հավելենք, որ Կիլաուեա հրաբուխը համարվում է աշխարհում ամենաակտիվներից մեկը: Այն ժայթքել է նաեւ 2008, 2011, 2014 եւ 2017 թվականներին:

Մայիսի 4-ին դոլարն աննշան աճել է, եվրոն՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 579, ռուբլունը՝ 7 դրամ 65 լումա, ֆունտինը՝ 657 դրամ:

Մայիսի 5-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ