Երեւանի շրջանցիկ ճանապարհի մի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարությունը թեւակոխում է ավարտական փուլ: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթեւեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:
Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երեւանի արեւմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի եւ Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջեւ եւ կապահովի անընդհատ երթեւեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթեւեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի եւ Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում ընթացքի մեջ է նաեւ շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհահատվածի կառուցումը, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ: Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, եւս մեկն էլ՝ Չաուշ - Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաեւ 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաեւ տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի եւ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարության ընթացքում երթեւեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո կունենանք Երեւանի հյուսիսային եւ հարավային մուտքերն ու Երեւանի 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները: