ՀՀ զորամասերից մեկում այսօր հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա զինծառայող Լեւոն Թորոսյանը Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղից էր, տան միակ արու զավակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանը:
Նա հայտնեց, որ մահացած զինծառայողն ունի իրենից փոքր երկու քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով է: Մահացածի ծնողները աշխատանք չունեն, զբաղվում են հողագործությամբ:
Բամբակաշատի համայնքապետը նշեց, որ ինքը մեկնում է զինկոմիսարիատ՝ դեպքի հանգամանքները ճշտելու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լեւոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:



























