News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ГлавТема հաղորդման ժամանակ հաղորդման մասնակիցներ Միխայիլ Լեոնտեւի, Իլյա Սավելեւի եւ Միխայիլ Յուրեւի արտահայտությունները, բուռն հակազդեցություն են առաջացրել ոչ միայն Հայաստանի բնակիչների շրջանում, հնարավոր է՝ նաեւ Ռուսաստանում, այլեւ ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում եւ ոչ միայն:

Արձագանքներ Լեոնտեւի արտահայտություններից հետո. 

Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ կապված Հայաստանում իրավիճակի բեկման վերաբերյալ ռուս առանձին քաղաքացիների եւ անձանց հայտարարությունների հետ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների ներքին գործն են: ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ դաշնակցաին հարաբերությունների կառուցման եւ աջակցության իր գործունեության մեջ ռուսական կողմը, Երեւանում դեսպանատունը չեն ելնում տարբեր անձանց մասնավոր կարծիքներից, այլ հետեւում են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դ. Ս. Պեսկովի եւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Վ. Զախարովայի արտահայտած կարծիքներին»:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը դեսպանատան Facebook-ի էջում, մասնավորապես, նշել է.

«Մի քանի խոսք «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւի արտահայտությունների մասին։ Դժվար է ասել, որքանով է Միխայիլ Լեոնտեւը բանատեղյակ ածխաջրածինների արդյունահանման ու իրացման հարցերից, սակայն պատմության եւ աշխարհաքաղաքականության բնագավառում, եւ, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ոլոտում, նա ակնհայտորեն դադարել որեւէ բան հասկանալ։ Էլ չենք խոսում մեր երկրում ձեւավորված ներքին քաղաքական իրադրության մասին։

Ի դեպ, Միխայիլ Լեոնտեւին անձնապես ճանաչում եմ ավելի քան 20 տարի եւ մի ժամանակ նրան համարել եմ Անդրկովկասի հարցերում բավական տեղեկացված փորձագետ, բայց այն, ինչը նա դուրս է տվել այդ եթերի ընթացքում, կարելի է միայն որպես վտանգավոր սադրանք գնահատել՝ միաժամանակ բացարձակ անկրթության ակնհայտ դրսեւորումներով։

Ինձ թույլ չեմ տա մեջբերել այդ արտահայտությունները եւ այդ ձեւաչափում կսահմանափակվեմ միայն հարցով՝ ինչի՞ մասին եք խոսում Դուք, պարոն մամուլի քարտուղար։

Կցանկանայի վերստին կրկնել, որ Հայաստանում տեղի ունեցողը ներքին քաղաքական երեւույթ է, Ռուսաստանի, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ հանրապետության արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին այստեղ խոսք չկա։ Դրա վկայությունները բազմաթիվ են։

Այս իրավիճակում մնում է մտածել, որ հենց դա չի բավարարում Միխայիլ Լեոնտեւին։ Եվ բացառված չէ, որ նա ունի դրա սեփական դրդապատճառները, որոնք սկզբունքորեն դժվար չէ հասկանալ։

Ցանկացած դեպքում ակնհայտ է մնում մեկ բան՝ մամուլի քարտուղարի արտահայտություններն, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան Հայաստանը սեւացնելու փորձ եւ, եթե կուզեք, ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ ատելություն հրահրելու փորձ։

Ես խստագույնս դատապարտում եմ այդ արտահայտությունները, եւ խնդիրը միայն ձեւակերպումների մեջ չէ։ Սակայն, միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական եւ փորձագիտական հանրության պատկերացումների, առավել եւս՝ Հայաստանի համար եղբայրական Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման մասին չարժե եզրակացություններ անել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով։

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չենթարկվել, այսպես կոչված, «փորձագետների» կողմից վերջին օրերին տեղի ունեցող սադրանքներին եւ տուրք չտալ հայաստանյան իրադարձությունների ֆոնին իրենց PR-ն անելու փորձ ձեռնարկողներին»։

Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունը խորապես վրդովված է 2018 թվականի ապրիլի 26-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած Հայաստանի եւ հայերի դեմ անպատկառ ու ցինիկ հայտարարությունների կապակցությամբ: 

ՌՀՄ հայտարարության մեջ, մասնավորապես նշված է.

«Նրանք, անցնելով լրագրողական եւ մարդկային էթիկայի, ինչպես նաեւ իրենց իրենց գործողությունների համար իրավական եւ քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները, մեր ազգի մասին մի շարք անպատասխանատու եւ նվաստացուցիչ հայտարարություններ են արել՝ օգտագործելով անպարկեշտ բառապաշար, որը, ըստ սահմանման, եթերում պետք է չլինի:

Ակնհայտ է, որ նման ճակատագրական պահին, երբ ոչ միայն Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի, այլեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Հայաստանի վրա, որի ժողովուրդը ցույց տվեց իր հավատարմությունը խաղաղության եւ ժողովրդավարության սկզբունքներին, ռուսական ԶԼՄ-ներում նման անպատասխանատու եւ ծայրահեղական հաղորդումները, որոնք հաճախ լայն հանրության կողմից ընկալվում են որպես ռուսական պետության պաշտոնական դիրքորոշում, կարող են մեծ վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, ստեղծել թշնամանքի եւ անվստահության մթնոլորտ:

Ռուսաստանի հայերի միությունը, որպես ամենախոշոր համառուսաստանյան հասարակական կազմակերպություն, որը Ռուսաստանում ներկայացնում եւ համախմբում է հայկական սփյուռքը, կհասնի վերոհիշյալ հաղորդման մեջ ներգրավված անձանց գործողությունների պատշաճ գնահատականին՝ ռուսական օրենսդրությանը ծայրահեղականության դեմ պայքարի տեսանկյունից այդ գործողությունների համապատասխանության առումով, որոնք հանգեցնում են բռնության եւ ազգամիջյան ատելության:

Ռուսաստանի հայերի միության կողմից ՌԴ նախագահին, «Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր տնօրենին եւ դատախազությանը հասցեագրված համապատասխան դիմումներն արդեն ուղարկվել են եւ այդ հարցում մենք նրանց կողմից ակնկալում ենք պատշաճ փոխըմբռնում:

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ

«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ա. Ալավերդյանը եւ ողջ անձնակազմը խիստ դատապարտում են լրագրող Մ. Լեոնտեւի (որը հանդիսանում է նաեւ «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության փոխնախագահ եւ մամլո քարտուղար) արտահայտած մտքերը՝ կապված Հայաստանի Հանրապետությունում զարգացող քաղաքական իրադարձությունների հետ, որոնք հնչեցվել են «Կոմսոմոլսկայա Պրավդա» ռադիոյի եթերում հարցազրույցի ժամանակ:

Հարկ ենք համարում նշել, որ նման բնույթի սադրիչ հայտարարություններն անթույլատրելի են եւ բացասական ազդեցություն կարող են ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ առավել եւս՝ մեր հեղինակության վրա:

Դա իր սուբյեկտիվ կարծիքն է, եւ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ռուս ժողովրդի շահերից: Մենք կանենք համապատասխան հետեւություններ․ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲ ընկերության ղեկավարության կողմից կնախաձեռնվի համապատասխան դիմում «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարությանը՝ կասկածի տակ առնելով Մ․ Լեոնտեւի մասնագիտական ունակությունների եւ հմտությունների համապատասխանությունը՝ ընկերությունում իր զբաղեցրած պաշտոնին, եւ համոզված ենք, որ կստանանք «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲ ընկերության ղեկավարության շուտափույթ արձագանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ