Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա նշել է այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ այսօր Շիրակի պետհամալսարանում շարունակվել է մի քանի օր առաջ սկսված բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են ռեկտորի հրաժարականը:
«Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով»,.-ասել է Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն սկանդալներ պարբերաբար եղել են բուհում մինչեւ իր գալը, կալանավորվել են մարդիկ կաշառքի համար, իսկ այս շրջանում չեն եղել:
Ռեկտորը նշել է, որ իր հրաժարականի պահանջ մի քանիսն են ներկայացնում, որի պատճառն աթոռակռիվն է, իսկ այդ ամենի թիկունքում հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն է: «Ես ունեմ կոլեկտիվ, որը կանգնած է իմ մեջքին»,-ասել է Սահակ Մինասյանը՝ հավելելով, որ իրականում դասադուլ բուհում չկա:
Նշենք, սակայն, որ այսօր բուհի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները մտան համալսարանի շենք եւ բացում էին լսարանների դռները, որոնց մեծ մասը դատարկ էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 5-ի առավոտից Շիրակի պետհամալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:
Նշենք, որ մի քանի օր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:




























