Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում է:

Նա այցի շրջանակներում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է  գտնվել Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում ոգեկոչման արարողությանը՝ ծաղիկներ դրել արցախյան ազատամարտի եւ Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառմանը ներկա են նաեւ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը և այլ պաշտոնատար անձինք:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի  նախագահ Բակո Սահակյանը ուղեւորվել են Շուշի։

Նշենք, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: