News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանում մայիսի 9-ին նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը: Այդ առիթով շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի եւ Արցախի նախագահները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում էր: Նա Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում մասնակցել է Շուշիի ազատագրման 26-ամյակի արարողությանը, ներկա գտնվել հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում Պաշտպանության բանակի շտաբում անցկացված ծառայողական խորհրդակցությանը: Նիկոլ Փաշինյանը նաեւ այցելել է Շուշի, իսկ ավելի ուշ Ստեփանակերտում հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Ի դեպ՝ նա իր հետ Արցախ բազմաթիվ արտասահմանցի լրագրողների էր տարել:

Հարցերի մի մասը, ինչպես պետք էր ակնկալել, վերաբերել է Արցախի հիմնախնդրին: Հայաստանի նորընտիր վարչապետը պատրաստ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, բայց դրանց հաջողության համար մեկ պայման է կարեւորում: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու Արցախի միջազգային ճանաչմանը:

Արցախ այցի արդյունքները Նիկոլ Փաշինյանը շտապել է ամփոփել ֆեյսբուքյան տեսանյութով: Սա, ի դեպ, կարծես ավանդույթ է դառնում. երեկ երեկոյան էլ վարչապետը սոցցանցում ներկայացրել էր Բաղրամյան 26-ում իր աշխատավայրը:

Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո պաշտոնանկությունների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարական ներկայացրեցին պաշտպանության փոխնախարարներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, իսկ ավելի ուշ պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարեց նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում էլ Սարգսյանը հայտնել է, որ կշարունակի կատարել պարտականությունները, մինչեւ նոր պաշտպանության նախարարի նշանակումը: Նա, միաժամանակ, բացառել է նոր կառավարությունում իր աշխատելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է նախարարի հնարավոր թեկնածուին. Վիգեն Սարգսյանն այդ հարցում համամիտ է «Ելք»-ի հետ եւ այդ պաշտոնում տեսնում է Դավիթ Տոնոյանին:

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ այսօր բազմաթիվ պաշտոնյաներ Հաղթանակի զբոսայգում էին: Նրանք ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի առջեւ եւ հետեւել ոչ մեծ շքերթին: Քաղաքական հարցերն այստեղ էլ չեն շրջանցվել: Նախագահին լրագրողները հարցրել են, թե ինչպես է պատրաստվում աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրեն պաշտոնում առաջադրել է Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած կուսակցությունը: Արմեն Սարգսյանը դրանում խնդիր չի տեսնում:

Իսկ ՀԱԿ-ն արդեն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Լեւոն Զուրաբյանն ասում է՝ դրանք ազատ եւ արդար կլինեն, եթե անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով:

ԱՄՆ-ն դուրս եկավ իրանական միջուկային համաձայնագրից: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը միջուկային շանտաժի պատանդ չի դառնա, իսկ Իրանին աշխարհում «ահաբեկչության առաջատար հովանավոր» կոչել: Թրամփը նաեւ մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել, ընդ որում՝ ոչ միայն Իրանի, այլեւ բոլոր այն երկրների դեմ, որոնք օգնում են Թեհրանին: ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն էլ արդեն հայտնել է, որ 180 օրվա ընթացքում վերականգնելու է տնտեսական պատժամիջոցները: Դրանք կվերաբերեն, մասնավորապես, Իրանի նավթային, էներգետիկայի եւ բանկային ոլորտներին:

Իրանում Վաշինգտոնի որոշմանը բուռն են արձագանքել: Իրանցի խորհրդարանականներն այրել են միջուկային համաձայնագիրն ու թղթի վրա տպագրված ԱՄՆ դրոշը՝ բղավելով «Մահ Ամերիկային»:

Նախագահ Հասան Ռոհանին իր հերթին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը հանձնարարել է նախապատրաստվել արդյունաբերական մակարդակով ուրանի հարստացման վերսկսմանը: Բայց Թեհրանը դեռ մի քանի շավաթ կսպասի՝ միջուկային համաձայնագրի եվրոպական մասնակիցների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ խորհրդակցելու համար: Եթե առանց ԱՄՆ-ի «երաշխավորվեն Իրանի ազգային շահերը, Թեհրանը կմնա գործարքում»:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը մայիսի 8-ից հացադուլ են հայտարարել: Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի տեղեկացմամբ՝ նրանք պահանջում են համաներում հայտարարել եւ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Նշենք, որ արդեն 14 օր է՝ նման պահանջով հացադուլի մեջ է նաեւ Գարեգին Չուքասզյանը: Նա ձերբակալվել է ապրիլի 24-ին եւ մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ:

Հայաստանի մասնակցի ելույթը, փաստորեն, չտպավորեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժյուրիին եւ հանդիսատեսին: Երեկ երեկոյան կայացավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: 16 համարի ներքո «Քամի» երգով ներկայացավ Սեւակ Խանաղյանը: Նա չկարողացավ եզրափակիչ անցնել: Եզրափակիչում ելույթ ունենալու հնարավորություն ստացան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչները: Հավելենք, որ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչ համերգը մայիսի 12-ին է:

Մայիսի 10-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ