Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը դեռ չի քննարկել Երեւանի քաղաքապետի պաշտոնում թեկնածության հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, քաղաքապետարանի դիմաց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրապարականի պահանջոց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, օրենսդրությունը բավականին կարճ ժամանակահատված է նախատեսում քաղաքապետի հրաժարականից հետո մինչեւ նոր ընտրություններ, դրա համար այդ հարցերը պետք է քննարկվեն խմբակցությունում:
«Եթե լինի Տարոն Մարգարյանի հրաժարականը ես գրեթե բացառում եմ, որ նոր քաղաքապետ ընտրվի ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Նախ չեմ կարծում, որ Երեւանի ավագանու ՀՀԿ անդամներից որեւէ մեկն իր վրա նման բեռ վերցնի: Դա կլինի անտրամաբանական, որովհետեւ ամսի 23-ից հետո երկրում իրապես բան է փոխվել: Այդ իրողությունների հետ բոլոր ՀՀԿ-ականները պետք է հաշվի նստեն»,-ասաց Խաժակյանը:
Հարցին, թե որքանո՞վ է իրական համարում Տարոն Մարգարյանի հրաժարականը, նա արձագանքեց. «Ես միշտ համարել եմ, որ Երեւանում քաղաքապետ ընտրվել է ոչ թե նա, թե ով է ավելի հարգված գործիչը քաղաքում, այլ ընտրվել է կենտրոնական իշխանության որոշմամբ: Դրանից բխել են նաեւ ընտրությունների արդյունքները: Այժմ մարդիկ հայտարարել են, որ փոշմանել են իրենց ընտրության համար, ցանկանում են բոլորովին այլ իշխանություն, հետեւաբար տրամաբանական է, որ այստեղ եւս այդ փոփոխությունը պետք է կատարվի՝ անկախ դրանից դա կլինի հարկադրանքով, թե այլ մեխանիզմներով: Այդ փոփոխությունը եղել է եւ պետք է այն իրավականորեն արձանագրվի»:
Խաժակյանը նկատեց, որ այս հարցը պետք է քննարկեն նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրենց գործընկերների հետ, որոնք հիմա զբաղված են կառավարության ձեւավորմամբ:
«Եթե քաղաքապետը հրաժարական է տալիս, խմբակցությունների կողմից պետք է լինեն առաջադրումներ: Տրամաբանակա՞ն է արդյոք, որ ՀՀԿ խմբակցությունն առառաջադրում անի, ես կարծում եմ՝ ոչ: Եթե լինի հրաժարական, ՀՀԿ-ի կողմից նոր առաջադրումը կլինի անիմաստ, հետեւաբար առաջադրում պետք է կատարեն մյուս խմբակցությունները: Այստեղ կարեւոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքը, որովհետեւ նա եւս որպես կառավարության ղեկավար, պետք է իր դիրքորոշումը հայտնի, ով նաեւ աշխատում է քաղաքապետի հետ»:











