Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով ներկայացրել է վարչապետի աշխատասենյակը, որտեղ աշխատել են իր նախորդները: Նշենք, որ նա այսօր ժամանել է կառավարության շենք, որտեղ առաջին անգամ վարելու է կառավարության նիստը:
«Այս սենյակում ավելի թեթեւ մթնոլորտ է հաստատված, քան ՀՀ նախագահի աշխատասենյակում: Այստեղ մթնոլորտն ավելի աշխատանքային է։ Ճիշտն ասած, Բաղրամյան 26–ի ձեւավորումը բավականին ծանր է»,-նշեց Փաշինյանն ու հավելել. «Հիմա կառավարության նոր կառուցվածքից հետո դեռ պետք է որոշել, թե ով է այստեղ աշխատելու՝ վարչապետը, թե փոխվարչապետներից մեկը»:
ՀՀ վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ հիմա պետք է հեռախոսազրույց ունենա Վրաստանի վարչապետի հետ։
Նշենք, որ ըստ օրենսդրական նոր կարգավորումների, երկրի վարչապետի նստավայրը Բաղրամյան-26 հասցեում տեղակայված շենքն է, սակայն արդեն կարծիքներ են հնչում, որ ճիշտ կլինի, եթե վարչապետի նստավայրը լինի կառավարության շենքում: