News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ երեկ ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ի վիճակի է պայքարել ոստիկանության համակարգում առկա կոռուպցիայի եւ այլ արատավոր երեւույթների դեմ:  Իսկ թե ինչպես ստացվեց, որ իշխանության դեմ ընդվզող ցույցերը ցրելու պարտականությունը տարիներ շարունակ ստանձնած ոստիկանն ընդունեց հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ ստանձեց ոստիկանապետի պաշտոնը, Օսիպյանը մանրամասնել է NEWS.am-ի հետ զրույցում: Նորանշանակ ոստիկանապետը շտապում էր նիստի եւ համաձայնեց պատասխանել մի քանի հարցի: 

Պարոն Օսիպյան, ինչո՞ւ ընդունեցիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու առաջարկը:

Ես կարծում եմ, որ այս շարժումը սկիզբ է առել՝ քայլ արա, ես տեսա մեր հանրության ոգեւորությունը եւ որ երկար տարիներ այս ամենի մեջ եմ, եւ էլ ավելի ես ունեմ ապացույցներ, որ ոստիկանությունը ժողովրդի կողքին է, եւ հանրությունը դա շատ արագ կընկալի ու կզգա, որ այդպես է եւ այդպես շարունակվելու է:

Դուք ամբողջ ընթացքում հետեւել եք շարժմանը ի պաշտոնե: Համոզվեցիք, որ ժողովուրդը հիասթափված է իշխանություններից, նոր փոփոխությունների կարիք ունի եւ համարեցիք, որ Դո՞ւք եք այդ փոփոխություններն իրականացնողը:

Եկեք Ձեր հարցի առաջին մասին չփորձեմ պատասխանել, որովհետեւ առաջին մասը պարունակում է քաղաքական պատասխան, իսկ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է: Ես չեմ պատասխանի հարցին, որ ժողովուրդը դժգոհ էր իշխանությունից: Գուցե իրականում կար դժգոհություն, բայց այդ կարգի, որ արտահայտվեց, մենք էլ ամեն ինչ արեցինք, որ ժողովուրդ-ոստիկանություն հարաբերություններում տեղի չունենա բռնություն: Մեզ պետք չեն ավելորդ խնդիրներ, ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ ոստիկանությունը կանգնած է ժողովրդի կողքին:

Ոստիկանապետի պաշտոնում Ձեր նշանակումը  դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ Դուք ի պաշտոնե հայտնի եք որպես ցույցերը ցրող, որոնց ընթացքում եղել են բռնություններ: Դուք ի՞նչ կարող եք ասել այս մասին կամ խոստանալ հանրությանը:

Շատերը չէի ասի, գուցե կան այդպիսի մարդիկ, բայց եթե անգամ ցրել եղել է, դա արվել է օրենքի սահմաններում, այսուհետեւ մենք զերծ կմնանք, կփորձենք է՛լ ավելի մեր մարտավարությունը փոխել, առաջիկայում դա կզգաք:

Ինչպե՞ս պիտի փոխեք, պարոն Օսիպյան: Օրինակ՝ ոչ պակաս հայտնի Լեւոն Երանոսյանը եւ այդպիսի պաշտոնյաները հեռացվելո՞ւ են համակարգից:

Ոստիկանությունում միշտ էլ տեղի ունենում են կադրային փոփոխություններ, բարեփոխումներ: Պետք չի դրանից ինչ-որ ենթադրություններ անել...

Պարոն Օսիպյան, Դուք երկար տարիներ աշխատում եք այդ համակարգում, համակարգի ներկայացուցիչների հետ, այսպես ասած, սերտաճել եք, կաշկանդված չե՞ք լինելու աշխատանքում:   

Միանշանակ, ես կաշկանդված չեմ: Եթե մարդը կոռուպցիայի մեջ չկա, չի կարող կաշկանդված լինել: Ես ինքս այսօրվանից պատրաստ եմ, եւ ամբողջ ոստիկանության համակարգը պայքարելու է կոռուպցիայի դեմ: 

Դուք վստա՞հ եք, որ կարողանալու եք պայքարել:

Այո, պետք է կոռուպցիան բացառենք: Ով հասկանա դա, փառք ու պատիվ նրան, ով ոչ՝ օրենքով պատասխանատվություն պետք է կրի:

Անպատժելիության մթնոլորտի դեմ կկարողանա՞ք  պայքարել:

Այո, ամեն ինչ պետք է արվի, որ դա այդպես լինի... ես շտապում եմ կառավարության նիստին, հետո դրա մասին...

Պարոն Օսիպյան, արդեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկե՞լ եք Ձեր նշանակումը:

Նշանակողը ես չէի, որ քննարկեի Վլադիմիր Գասպարյանի հետ: Վլադիմիր Գասպարյանն ուրախ է, որ նշանակումը համակարգից է... ես ուշանում եմ նիստից...

Ուրա՞խ եք, որ հեղափոխություն տեղի ունեցավ մեր երկրում:

Ես սա հեղափոխություն չեմ համարում, հեղափոխությունն իր հետեւանքներն է ունենում, սա իշխանափոխություն էր՝ սահուն, ժողովրդի կամքով...

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ