Կառավարությունն այս կազմով վերջին անգամ էր հավաքվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. կառավարությունն, ըստ էության, այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ու նաեւ հաջողություն եմ մաղթում նոր ձեւավորվող կառավարությանը», - ասաց Փաշինյանը:
Նշենք, որ այս պահին բացի վարչապետից, կառավարության մյուս բոլոր անդամները պաշտոնակատարներ են:
ՀՀ Սահմանադրության համաձայն, Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո (մայիսի 8) տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին եւ չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալի Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:





























