Այս պահին ես կատարում եմ իմ պարտականությունները եւ կշարունակեմ կատարել դրանք այնքան, ինչքան գտնի վարչապետը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը:
Հարցին, թե կցանկանա՞ աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է հասցեագրել Նիկոլ Փաշինյանին. «Ես այդ հարցին կանդրադառնամ առաջարկ ստանալուց հետո»:
Հիշեցմանը, որ նախորդ անգամ ասել էր, որ հինգ տարվա ծրագրեր ունեն, որոնք պետք է կատարվեն, Լեւոն Ալթունյանն արձագանքեց, որ դրանք, իհարկե, պետք է իրագործվեն:
Նշենք, որ այս պահին բացի վարչապետից, կառավարության մյուս բոլոր անդամները պաշտոնակատարներ են:
ՀՀ Սահմանադրության համաձայն, Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո (մայիսի 8) տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:











