News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ «Սպիտակ աղմուկ» բողոքի շարժման ակտիվիստները կոչ են արել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին  Թբիլիսիի գիշերային ակումբների ոստիկանական արշավների հետ կապված հատուկ հայտարարությամբ հանդես գալ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Թբիլիսիի կենտրոնում ակցիան կազմակերպվել էր «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման կողմից` որպես Bassiani եւ Cafe Gallery ակումբներում հատուկ գործողություններից անմիջապես հետո սկսված ինքնաբուխ բողոքների շարունակություն: Այսօրվա ակցիային  մի քանի հազար մարդ է  մասնակցել: Ավելի վաղ «Սպիտակ աղմուկ»-ի ակտիվիստները պահանջել էին Կվիրիկաշվիլիի եւ Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:

Այժմ «Սպիտակ աղմուկում» ասում են, որ եթե վարչապետը հայտարարություն չանի մինչեւ ժամը 22:00-ն, նրանք վրաններ են տեղադրելու  եւ շարունակելու են բողոքները:

 «Մենք դա թույլ չենք տա: Ամբողջ տարածքով վրաններ ենք տեղադրելու այնքան ժամանակ, մինչեւ վարչապետը չբավարարի մեր պահանջները: Կարեւոր է պահպանել քաղաքացիական համախմբվածությունը, միասնականությունը, ինչն այժմ կա երկրում: Այստեղ՝ քաղաքի կենտրոնում մինչեւ 22:00-ն մենք վարչապետից կոնկրետ պատասխան ենք սպասում», — ասել է շարժման ղեկավար Բեքա Ցիկիրաշվիլին:

Կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի պատասխանել ակտիվիստների պահաջին:

Դատարանի որոշման հիման վրա Թբիլիսիի երկու հայտնի գիշերային ակումբներում` Bassiani եւ Cafe Gallery-ում, անցյալ գիշեր կատարվել են խուզարկություններր, որոնց հետեւանքով ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են թմրանյութերի ութ վաճառողներին:

Ոստիկանության գործողությունների դեմ բողոքելով՝ ակումբների այցելուները քաղաքի կենտրոնում ինքնաբուխ գործողություններ են կազմակերպել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար մոտ 70 մարդ տեղափոխվել է ժամանակավոր մեկուսարան: Ձերբակալվածները ոստիկանությանը եւ հատուկ ուժերին «ուժը գերազանցելու» մեջ են մեղադրել:

ՆԳՆ-ում հերքում են այս հայտարարությունները՝ պնդելով, որ գերատեսչության աշխատակիցները հատուկ գործողությունների ժամանակ օրենքի շրջանակում են գործել: Նախարարությունում այսօր նաեւ հայտարարել են, որ աջակցում են Վարստանում ակումբային մշակույթի զարգացմանը, բայց միեւնույն ժամանակ անզիջում պայքար են հայտարարում թմրամիջոցների վաճառքի դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ