News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բելառուսի եւ Հայաստանի հարաբերություններում խնդիրներ չկան ու չեն լինի: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Լուկաշենկոն խոստովանել է, որ այս հանդիպմանը սպասում էր: «Մենք դժվար թե կարողանանք ոտքի վրա քննարկել բոլոր հայեցակարգային խնդիրները, որոնք գոյություն ունեն աշխարհում, մեր շուրջը: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան կամ կլինեն»,- նշել է նա:

Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի նոր վարչապետին մանրամասն պատմել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման, Եվասիական տնտեսական միության գործունեության մասին: «Շատ կարեւոր է, որ դուք ինձնից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսին եւ եղբայրական հայ ժողովրդին ու ձեր պետությանը մեր վերաբերմունքին: Այս պատճառով սա շատ կարեւոր հանդիպում է,- հայտարարել է Բելառուսի նախագահը: - Ընդհանրապես, կեցցե՛ք: Դուք այդ իրավիճակից շատ արժանապատվորեն եւ ճիշտ դուրս եկաք, դուք արդեն ինքներդ եք դա զգացել: Մենք ձեզ համար ուրախ ենք»:

Ալեքսանդր Լուկաշենկոն հավելել է, որ վերջերս Հայաստանի նախագահի հետ քննարկել է Երեւանում իրավիճակի զարգացումը: Որոշում ընդունվեց այնտեղ բելառուս լրագրողների ուղարկել՝ իրադարձությունների մասին օբյեկտիվ, առանց խեղաթյուրումների լուսաբանման համար: «Ես անչափ շնորհակալ եմ թե՛ նրան, թե՛ ձեզ, թե՛ մեր մարդկանց: Մեր լրագրողները շփվել են ձեր շտաբի ներկայացուցիչների հետ եւ օբյեկտիվ պատկեր են ստացել»,- նշել է նա:

Լուկաշենկոն եւս մեկ անգամ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ այդ պաշտոնում հաջողություններ է մաղթել: «Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, ինչպես նախկինում: Մեզ շատ մտերիմ հայ ժողովրդի հանդեպ մեր քաղաքականությունը երբեք չի փոխվի: Սա ձեզ խոստանում եմ: Այն կլինի նույնքան կառուցողական, բարեկամական»,- հավաստիացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ