News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է եւ ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար եւ նշել. «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետեւյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության եւ դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարեւոր եւ կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը եւ միջազգային հեղինակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա եւ այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է դիվանագիտական կորպուսը հնարավորինս զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից, ինչն աշխատանքի արդյունավետ կազմակերպման լավ միջոց է:

Էդուարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱԳ նորանշանակ նախարարին եւ համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ եւ համակարգի պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեությամբ հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ արտաքին քաղաքականության ոլորտում:

Նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար եւ նշել, որ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ անցած տարիների ընթացքում դիվանագիտական կորպուսը բարձրացրել է մասնագիտական կարողություններն ու ներուժը: «Գիտակցում եմ առկա մարտահրավերների ողջ ծավալը, բայց ինձ զգում եմ վստահ եւ ուժեղ առկա մեծ թիմով: Հիմնվելով մեր հսկայական ներուժի վրա՝ վստահ եմ, որ միասին շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի օրակարգը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ