News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ցանկացած պաշտոնյա կարող է իր տեսակետը ներկայացնել, իսկ դատախազն իր տեսակետը ներկայացնում է կոնկրետ վարույթում առկա նյութերի հիման վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին լրագրողների հարցին:

Հարցին, թե նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մինչդեռ գլխավոր դատախազը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր հակառակն է պնդում, արդյո՞ք դա չի խոչընդոտի նոր իշխանության հետ աշխատանքին, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես դա համատեղ աշխատանքի համար խոչընդոտ չեմ համարում: Ես ասել եմ եւ հիմա էլ ասում եմ. իրավական առումով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»:

Գլխավոր դատախազի պնդմամբ՝ խոսում ենք վարույթների մասին, որոնք առնվազն 2 տարվա պատմություն ունեն, եւ այդ ընթացքում բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցներ, տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ մոնիթորինգ են իրականացրել:

«Եվ որեւէ մեկը չի ասել, որ միջազգային իրավական փաստաթղթով սահմանված ձեւակերպմանը համապատասխան որեւէ մեկը քաղբանտարկյալ է ճանաչվում: Ստացվում է, որ բոլորս մեջբերում ենք դա սահմանող փաստաթուղթը, բայց հենց հերթը հասնում է մեկնաբանությանը, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ»,- հավելեց Դավթյանը:

Մեկնաբանություններին հետեւելով՝ գլխավոր դատախազը տպավորություն է ստացել, որ եթե մեկը քաղաքական գործիչ է, եւ նրան մի օր մեղսագրվում է հանցագործության կատարում, նա քաղբանտարկյալ է. «Այդպես չէ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս կարեւոր ընթացքում մեր դատարանների դերը չնսեմացնենք»:

Արթուր Դավթյանը, միաժամանակ, Անդրիաս Ղուկասյանի կալանքի որոշման փոփոխությունը չի կապում իշխանության փոփոխության հետ: «Ես ծանոթ չեմ հիմքին, թե դատարանն ինչու նման որոշում կայացրեց: Բայց դա դատավարական գործընթաց է: Տասնյակ դեպքեր ունենք, որ նախաքննական մարմինը, դատախազը գտնում են, որ կալանքի հիմքեր կան, իսկ դատարանն այլ կարծիքի է»,- նշեց Արթուր Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ