News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի Մյասնիկյան արձանի հետեւում գտնվող այգում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ այգու ոչնչացման: Նշենք, որ սոցիալական ցանցերում նախօրեին տարածվել էր այգու լուսանկարը վերեւից, որից պարզ էր դառնում, որ ծառաշատ այգում ոչ մի ծառ չի մնացել, բոլորը վերացվել են եւ շինարարաական աշխատանքներ են ընթանում:

Ակցիայի մասնակիցները պատռել են «Ավելի բարեկարգ Երեւան» գրությամբ պաստառները, բացել են ցանկապատը, մտել տարածք: Նրանք նախապես հայտարարել էին, որ դադարեցնելու են այգում կատարվող շինարարությունը:

«Ամբողջ այգին ավիրել են առանց հանրային լսումների, առանց մարսանգիտական կարծիքի, առանց մեզ հարցնելու: Սա ի՞նչ է: Սա քաղաքի հիշողությունն է, դու քա՞նի գլխանի ես, որ ամեն անգամ ավիրես քաղաքը»,-հուզված ու բորբոքված նշեց ակցիայի մասնակիցներից մեկն ու հավելեց. «Սրա համար պատասխանատու է ոչ միայն քաղաքապետը, այլեւ ավագանին: Եթե նրանք տեսել են այս նախագիծը եւ հաստատել են, բոլորը պետք է հատ-հատ պատժվեն: Տարոն Մարգարյանը ոչ թե պետք է հրաժարական տա հանգիստ, այլ պետք է գնա բանտ: Նա իրավունք չունի ազատ քայլել այս քաղաքում: Այդ մարդը վտանգավոր է քաղաքի համար, մեր հանրային ունեցվածքի, մեր հիշողության համար: Թող ճաղերի հետեւից նայի ու հասկանա, թե ինչ է արել: Սա վանդալիզմ է ու դրա պատասխանատուն 50 մետր էն կողմ նստած է, թող գան բռնեն տանեն»:

Նշենք, որ նախօրեին համացանցում լուսանկարներ էին տարածվել, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

«Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը», - ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ