News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատվիրակությանը փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարեւորել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ անկախությունից ի վեր Շվեդիան կարեւոր գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար։ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխխոսնակ Սյոդերը նախ շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-շվեդական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան եւ կընդլայնվեն:

Արտգործնախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ հասարակության աջակցությունը վայելող նոր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման օրակարգում եղել են նաեւ հայ-շվեդական քաղաքական երկխոսության ամրապնդմանը, առրեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը, կրթամշակութային ոլորտի փոխգործակցության ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության ուղիներին:

Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիկսդագի կողմից 2010թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Զոհրաբ Մնացականյանը եւ Բյորն Սյոդերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն համագործակցության նոր հեռանկարներ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ հայ-շվեդական երկկողմ ձեւաչափերով: Զրուցակիցները կարեւորել են Շվեդիայի խորհրդարանի կողմից Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը։ Շվեդ խորհրդարանականները վստահեցրել են, որ կանեն հնարավորինը վավերացման գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ