News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, այդ հարձակման տեսարանը համացանցում տարածված է, ու հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել ու կարճվել է: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքական պրոցեսների ընթացում, ապրիլին հարձակումներ են ունեցել, քաղաքացիների ավտոմեքենաներ են ջարդվել: Ես ակնկալում եմ, որ շատա արագ այդ գործերը քննվեն, հարձակումների հեղինակները պարզվեն: Այս համատեքստում պետք է լուծենք նաեւ տուժած քաղաքացիների խնդիրը: Պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու: Այդ գործերը պետք է բացահայտվեն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցածին, որտեղ ծեծողներից մեկը, ըստ մամուլի տեղեկությունների, Մասիս քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանն է, ՀՀ վարչապետը նշեց. «Այս գործելակերպին պետք է վերջ տանք, որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով ելնում ենք կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն: Մենք խոսում ենք օրինականության հաստատման մասին: Ես բոլոր իրավապահ մարմիններին եմ դիմում՝ բոլորը պետք է հստակ տեսնեն, որ մենք գնում ենք օրինականության հաստատելու ճանապարհով: Այսօր այդպիսի հստակ ուղերձներ դեռ չկան, ես ակնկալում եմ, որ այդ ուղերձները կլինեն շատ հստակ:

Գլխավոր դատախազն այստեղ չի, բայց ես ակնկալում եմ, որ ստուգվի այդ կարճման օրինականությունը, որովհետեւ եթե այն, ինչ մամուլում գրվում է, համապատասխանում է իրականությանը, ապա ակնհայտ է, որ այդ որոշումն օրինականության հետ կապ չունի»:

Փաշինյանի խոսքով, բացառված է, որ բռնության որեւէ դեպք ամբողջական մինչեւ վերջ քննության չարժանանա, անկախ նրանից, թե ով է հեղինակը, եւ ով է զոհը, անկախ նրանից, թե որ թիմից է, որ կուսակցությունից է. «Մենք պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն»:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ ինքն անձամբ ներկա է եղել այդ միջադեպին եւ հորդորեց իրեններգրավել որպես վկա:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ նման դեպք է արձանագրվել նաեւ «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, երբ հարձակվել էին Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջած ցուցարարների վրա:

ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը նշեց, որ այդ ընթացքում ստացվել է 33 հաղորդում, բոլորը սահմանված կարգով գրանցվել են, ստուգվել են:. «Բոլորը գտնվում են ընթացքի մեջ: Անձանց ինքնությունը պարզելու միջոցառումներ են իրականացվել, առաջին արդյունքներն այսօր կհրապարակվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ