News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկացի փաստաբանները դատի են տալիս Թուրքիային հարյուրավոր միլիոն դոլարների պահանջով: Այս մասին իր հոցվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«2017 թ. մայիսի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սպիտակ տանը  նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանի թիկնապահներն առանց դրդապատճառի հարձակվեցին եւ դաժանորեն ծեծեցին քուրդ եւ հայ ցուցարարներին, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարներից ինը լուրջ վնասվածքներ ստացան...

Ինչպես հայտնում է «Վաշինգտոնյան» (Washingtonian) ամսագիրը, «հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում, Վաշինգտոնի ոստիկանապետ Պիտեր Նյուշեմն ասաց «իմ ոստիկանական գործունեության 28 տարիների ընթացքում հազվադեպ եմ տեսել այն, ինչ տեսա Շերիդանի շրջանում»: Ներկայացուցիչների պալատը ընդունեց մի բանաձեւ ձայների 397-0 հարաբերակցությամբ՝ կոչ անելով «մեղավորներին պատասխանատվության ենթարկել եւ միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերն ապագայում կանխելու ուղղությամբ»»:

Անցյալ տարվա հուլիսին դաշնային մեծ ժյուրին մեղադրանք առաջադրեց Էրդողանի թիկնազորի 19 անդամներին, որոնց մեծ մասը դիվանագիտական ​​անձեռնմխելիություն ուներ: Որպես հետեւանք, նրանք չէին կարող ձերբակալվել, իսկ հետո նրանց թույլատրվեց վերադառնալ Թուրքիա: Երկու թուրք ամերիկացիներ ձերբակալվեցին եւ հետագայում դատապարտվեցին մեկ տարի եւ մեկ օր բանտարկության: Այս միջադեպից մի քանի ամիս անց Էրդողանի թիկնապահների մեծամասնության դեմ մեղադրանքները հանվեցին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Թուրքիա կատարած այցի նախօրեին:

Բարեբախտաբար, Վաշինգտոնի մի խումբ ամերիկացի փաստաբաններ, որոնք այնքան վրդովված էին Էրդողանի թիկնապահների հարձակումների եւ Թուրքիա փախուստի պատճառով, որ անցյալ շաբաթ որոշեցին դատի տալ թուրքական կառավարությանը, նաեւ երկու թուրք ամերիկացիներին եւ երեք թուրք կանադացիներին՝ «միջազգային իրավունքի ոտնահարման, ատելության հանցանքների, ինչպես նաեւ հարձակման, ծեծի ու կեղծ կալանավորման համար»: Մայիսի 3-ին մեկ այլ ամերիկյան փաստաբանական ընկերություն հինգ ցուցարարների կողմից առանձին հայց ներկայացրեց ընդդեմ Թուրքիայի:

«Վաշինգտոնյանը» հաղորդել է. «Երբ ԱՄՆ կառավարությունը չի կարող կամ չի ցանկանում արդարություն ձեռք բերել Շերիդանի շրջանի տուժածների համար, Վաշինգտոնի մի խումբ փաստաբաններ ձեռնամուխ են եղել դա անելու: Դուգլաս Բրեգմանը պատկերացում չէր ունեցել հասարակական կարգի խախտման մասին, ինչպես նաեւ հրահրման մասին: Սակայն, այն ինչ նա տեսավ երեկոյան լուրերով, սարսափեցրին նրան. «Այս մարդը [Էրդողանը] եկել է մեր երկիր, Սպիտակ տանը խոսել է նախագահի հետ, իսկ հետո իր մարդասպաններին ուղարկել է արյունլվա անելու ամերիկացի քաղաքացիներին պարզապես նրանց արտահայտվելո՞ւ համար»:

«Վաշինգտոնյանը» հավելել է. «68-ամյա Բրեգմանը ղեկավարում է քաղաքացիական գործերով փաստաբանական ընկերություն Բեթեսդայում: Նա ծնունդով Ֆիլադելֆիայի մերձակայքից է, 1970-ականներին իրավաբանի դիպլոմ է ստացել Ջորջթաունի համալսարանում եւ հաստատվել այնտեղ: Նա դասավանդել է այդ եւ Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցում: 1960-ականներին մասնակցելով բողոքի ցույցերին, նա գիտակցել է, որ անհրաժեշտություն կա պաշտպանելու խոսքի ազատությունը, իր խոսքերով՝ «իշխանության չարաշահման» սպառնալիքներից: Բրեգմանը զանգահարել է իր գործընկերներից մեկին՝ Անդրեաս Աքարասին, որ աշխատում էր որպես իրավաբան Բրեգման, Բերբերտ, Շվարց եւ Գիլդա փաստաբանական ընկերությունում եւ հարցրել՝ «Տեսե՞լ եք, թե ի՞նչ է տեղի ունեցել այսօր Վաշինգտոնում»: Աքարասը միացել էր Բրեգմանի ընկերությանը յոթ տարի աշխատելուց հետո որպես Մերիլենդի կոնգրեսական Ջոն Սարբանեսի օգնական: Նա աշխատել էր Հարավարեւելյան Եվրոպայի եւ Միջերկրածովյան երկրների հետ կապված մի շարք հարցերի շուրջ, զարգացնելով կապերը Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում եւ Իսրայելում: Բրեգմանը խնդրել է նրան, ուսումնասիրել, թե հնարավո՞ր է արդյոք որեւէ իրավական փոխհատուցում ստանալ տուժածների համար»:

Բրեգմանը հետագայում կապ հաստատեց Վաշինգտոնի երկարամյա փաստաբան Սթիվ Փեռլսի հետ: «Ինձ մոտ եղած դատական գործը պետք է հիմնված լինի Օտարերկրյա ինքնիշխանության անձեռնմխելիության օրենքի [FSIA] վրա», ասաց Բրեգմանը: «Դու այն մարդն ես, որը կարող է դա անել»: Փեռլսը երկար տարիների հաջողության փորձ ունի Գերմանիային Հոլոքոսթի փոխհատուցման համար դատի տալու եւ Իրանին ու Լիբիային՝ «ահաբեկչական գործողությունների» վնասները վճարելու համար»:

 «Վաշինգտոնյանը» հաղորում է. «աշխատելով Բրեգմանի եւ Աքարասի հետ, Փեռլսը պատրաստվում է հայց ներկայացնել հարյուրավոր միլիոնների վնասի վճարման համար Թուրքիայի Հանրապետությունից: «Ցանկացած օտարերկրյա պետության ղեկավար, որն իր անվտանգության ուժերը բաց է թողնում ԱՄՆ քաղաքացիների դեմ, որոնք իրենց օրինական իրավունքներն իրականացնում են ամերիկյան հողի վրա, չեն օգտվում FSIA օրենքի պաշտպանությունից», ասաց Փեռլսը: Մյուս իրավաբանները նրա հետ համաձայն են: Խումբը, Ագնեշկա Ֆրիզմանի («Քոհեն Միլշտեյն») ղեկավարությամբ, հայց է ներկայացրել տուժողի՝ հետեւանքների մասին հայտարարության հիման վրա, ներկայացնելով Վաշինգտոնում հարձակման 13 տուժածներին, ներառյալ Մուրադ Յասային եւ Հիվա Արիային: Իրավաբանական խումբը ավելացրել է Մայքլ Թիգարին, որը հաջողությամբ դատի էր տվել Չիլիին՝ 1976 թվականին Վաշինգտոնում Օռլանդո Լեթելիերի սպանության համար՝ մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից.... Թիգարն ասաց, որ Ամերիկյան համալսարանի իրավաբանական դպրոցի ուսանողներն ի մի են բերում դատական հայցն ընդդեմ Թուրքիայի: Նա վստահ է իր ուժերի վրա: «Այն ժամանակ դա տեւեց 16 տարի, սակայն մեզ հաջողվեց  4 միլիոն դոլար ստանալ Չիլիից», ասաց նա:

Բրեգմանը ասել է «Վաշինգտոնյանին». «Մեկնումեկը պետք է պատժվի: Մենք պատրաստ ենք ժամանակ եւ միջոցներ ներդնել ընդդեմ ֆաշիստական կառավարության, որպեսզի պաշտպանենք մեր հաճախորդների իրավունքները: Դրա համար արժե ջանք գործադրել»:

Մի այլ հոդվածով, «Վաշինգտոն փոստը» եզրակացրել է. «ըստ ԱՄՆ օրենսդրության՝ թուրքական կառավարությունը կարող է հակառակվել, համաձայնվել կամ հրաժարվել պաշտպանությունից դատական գործընթացներում: Հրաժարվելու դեպքում, դատավորը կարող է դատավճիռ կայացնել հօգուտ ցուցարարների»: 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Ամենաշատ