News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում մոտ օրերս շրջանառութան մեջ կդրվի երթեւեկության կանոնների իրավախախտումների տուգանքների չափը նվազեցնելու նախագիծ: Այն նախաձեռնել է «Ծառուկյան» խմբակցությունը:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ առաջարկելու են կիսով չափ կրճատել տուգանքները, իսկ Կարմիր գծերի ծառայության համար սահմանել կոնկրետ ժամեր, ինչպես Եվրոպայում է:

Պատգամավորը շեշտեց, որ տուգանքները նվազեցնելու առաջարկը չի վերաբերելու բարձր արագությամբ եւ ալկոհոլ օգտագործած մեքենա վարելու խախտումներին: Իսկ շրջիկ տեսախցիկներով տուգանելու համակարգը պետք է ամբողջությամբ վերացվի:

«Արագաչափերի գանձման աստղաբաշխական գումարները գնացել են կոնկրետ մարդկանց գրպաններ, մենք չենք ասում, որ երկրում երթեւեկության կանոն չգործի, բայց մենք ասում ենք, որ չի կարող նվազագույն աշախատավարձ ստացող մարդուց գանձել նվազագույն աշախատավարձի կրկնապատիկ տուգանք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Առանձնահատուկ դիտարկվելու է հոծ գծի խախտման դրույթը, քանի որ այս խախտումն ուղղակի անխուսափելի է վարորդների համար: Իրենք առաջարկում են, որ հոծ գիծը խախտելու դեպքում վարորդը երեք անգամ զգուշացում ստանա, իսկ չորրորդի դեպքում տուգանքը լինի 2000 դրամ: Գործող օրենսդրությամբ՝ այդ խախտման համար նախատեսված է 5000 դրամ տուգանք:

«Մնացած տուգանքների դեպքում նախատեսում ենք կրճատել չափը բացառությամբ 200 կմ/ժամից ավելի արագությունը գերազանցելու եւ ալկոհոլի օգտագործման դեպքերին: Այդ դեպքերում պետք է խստագույնս պատժվեն, որ տարբեր դուրսպրծուկ լակոտներ իրենց օրենքից վեր չդասեն: Շարժական տեսախցիկները պիտի հանվեն: Կարմիր գծերի մի տարբերակ կարող ենք քննարկել, օրինակ Եվրոպայում այն գործում է միայն աշխատանքային ժամերին, դրանից դուրս յուրաքանչյուր մարդ կարող է կայանել մեքենան անվճար»,-մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ վերջին մեկ ամսվա տուգանքները պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարվեն:

Մեր հիշեցմանը, թե շարժական տեսախցիկների վերաբերյալ նախագիծ է ներկայացրել նաեւ ՀՀԿ խմբակցությունը, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նրանք են հենց ծափահարություններով հաստատել մարդկանց գրպանելու այդ զանազան նախագծերը: Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ-ն իշխանափոխությունից հետո փորձում է այդ տեսակ նախագծերով սկիզբ դնել կուսակցության վերածննդին:

«Կուզեի իմ ՀՀԿ-ական գործընկերներին ասել, որ իրենց կառավարությունը եղել է այդ փոփոխությունների նախաձեռնողը, իրենք էլ ծափ տալով քվեարկել են ժողովրդին թալանելու օգտին: Առնվազն, քաղաքական կոռեկտություն պետք է ունենան մեկ ժամ հետո սեփական երեսը չփոխել ու իրենց իսկ ծափ տված նախաձեռնությանը 180 աստիճան հակառակ նախագիծ չներկայացնեն: ՀՀԿ-ն փորձում է այդ կերպ իր երկրորդ վերածնունդը ապահովել, բայց խորապես սխալվում է»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի դեպ, կառավարության երեկվա նիստում այս թեմային անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով որոշ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ նախագիծ մշակել: «Ես կարծում եմ, որ կան հսկայական տուգանքներ, որոնք չեն վճարել, պետք է մեխանիզմներ մտածել դրանք ներելու մասին, որովհետև ենթադրվում է, որ դրա վճարման հնարավորությունը մարդիկ չունեն: Երկրորդ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի որոշ ժամանակաշրջան դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին, եթե կա նման օրենսդրական հնարավարություն: Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է կանգնեցնել: Մենք պետք է փոխենք քաղաքականությունն այդ հարցի կապակցությամբ»,- հայտարարել է գործադիրի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news