News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական հայտնի «Emerging Europe» ամսագիրն իր հերթական համարում անդրադարձել է Երեւանին եւ ներկայացրել այս տարի հիմնադրման 2800-ամյա պատմությունը նշող քաղաքի զբոսաշրջային գրավչությունները:

Ներկայացնելով Հայաստանի եւ համայն հայության մայրաքաղաքը՝ ամսագիրը պատմական ակնարկում մասնավորապես նշել է, որ աշխարհի ամենահին քաղաքներից մեկը՝ Երեւանը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I արքայի կողմից, ինչի  մասին վկայում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը:

Անդրադառնալով զբոսաշրջիկներին թերեւս ամենահետաքրքրող թեմային, թե ու՞ր այցելել եւ ինչ տեսնել Երեւանում՝ ամսագիրն առաջարկում է այցելությունների ծրագրում ներառել մայրաքաղաքի թանգարան-հնավայրերը: Որպես առաջին կանգառ՝ ամսագիրը կատարում է տարածաշրջանի ամենահայտնի հնավայրերից մեկում՝ Էրեբունի պատմահնագիտական ամրոց-թանգարանում:

«Emerging Europe»-ը Երեւանում այցելության պատմական կարեւորագույն կետերից է համարել նաեւ Շենգավիթ հնավայրը՝ ընդգծելով, որ երկրի ամենահայտնի հնագիտական բրոնզեդարյան հուշարձաններից մեկն անտարբեր չի թողնի պատմության սիրահարներին: Պատմական գրավչությունների շարքում առանձնացվել է նաեւ Կարմիր բլուրը, որտեղ հայտնաբերվել է Թեյշեբաինի ամրոցը:

«Ժամանակակից Երեւանն իր մոտ 1,3 մլն բնակչությամբ Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն է: Այն իր մեջ ներառում է Հայաստանի պատմական 11 մայրաքաղաքի փառքն ու պատմությունը եւ համարվում է բոլոր հայերի մայրաքաղաքը: Չնայած Երեւանը Հռոմից 29 տարով մեծ է, այսօր այն ժամանակակից քաղաք է, որի ներկայիս արտաքին տեսքը ձեւավորվել է 20-րդ դարի կեսերին: Այս տարի Երեւանը նշում է իր հիմնադրման 2800-ամյակը»,- ասվում է Issuu առցանց հարթակում տեղադրված հոդվածում:

Ներկայացնելով ժամանակակից Երեւանը՝ ամսագիրն առանձին «EVNfestivals2018» սյունաշարով  անդրադարձել է ամռանը Երեւանում նախատեսվող ավելի քան 60 մարզամշակութային միջոցառումներին՝ հատուկ ուշադրության արժանացնելով երեւանյան փառատոները: Առավել մեծ հետաքրքրություն ներկայացնողների շարքում  ամսագիրը ներկայացրել է հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն ընձեռող «Համով հոտով Երեւան», ազգային հագուստների «Երեւան Տարազֆեստ» եւ «Երեւանի գարեջրի» փառատոները, որոնք ամեն տարի դեպի Երեւան են բերում մեծաթիվ զբոսաշրջիկների:

Հոդվածում «Emerging Europe»-ը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի հիմնական միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերի 29-ին եւ 30-ին:

Միջոցառումների ամբողջական ցանկին եւ մանրամասներին ծանոթանալու համար ամսագիրն առաջարկում է օգտվել քաղաքի հոբլյանին ընդառաջ գործարկված՝ www.yerevan2800.am  կայքից:

Տեղեկացնենք նաեւ, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան լուսաբանող Emerging Europe ամսագրիրը, որը տարածվում է նաեւ եվրոպայում բիզնես միջավայրում, իր հրապարակման մեջ անդրադարձել է նաեւ Երեւանի ներդրումային հետաքրքրություններին եւ գրավչություններին՝ ընդգծելով այս մասով Հայաստանի մայրաքաղաքին տրված միջազգային գնահատականներն ու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աջակցելու մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news