News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալին:

Վարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքների եւ պետական կառավարման համակարգի զարգացման գործում: «Հույս ունենք, որ մեր հետագա համագործակցության ընթացքում կկարողանանք համատեղ ջանքերով բարձրացնել նաեւ հանրային վստահության մակարդակը վարկերի ծախսման արդյունավետության վերաբերյալ: Գիտեմ, որ Ասիական զարգացման բանկը թափանցիկ գործելակերպի կողմնակից է, հետեւաբար, սա նշանակում է, որ մեր հետագա համագործակցության համար խոչընդոտներ չկան»,- ասել է կառավարության ղեկավարը՝ կարեւորելով իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հավատարիմ է մնալու այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Վարչապետը հույս է հայտնել, որ երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները կոգեւորեն նաեւ միջազգային գործընկերներին աջակցություն ցուցաբերել ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում եւ այլ հիմնախնդիրների լուծման հարցում:

Շեյն Ռոզենտալը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը: ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը վարչապետին է ներկայացրել ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կառավարման համակարգի բարելավման, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, մենաշնորհների դեմ պայքարին, կառավարության առաջնահերթություններին եւ այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ