News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն տեւական ժամանակ Հրազդանի մի շարք բազմաբնակարան շենքերի բնակիչներ ահազանգում են անմխիթար վիճակում գտնվող, ինչպես նաեւ  մարտի 25-ին ուժեղ փոթորկի հետեւանքով տուժած տանիքների խնդրի մասին: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչները հայտնեցին, որ ամեն անձրեւի հետ հեղեղվում են բնակարաններն ու մուտքերը։

«Հրազդանի շենքերի գրեթե 80 տոկոսի տանիքները չկան: Որը վաղուց չի եղել, որն էլ վերջերս ուժեղ փոթորկի հետեւանքով ամբողջովին պոկվել է: Հենց անձրեւ է գալիս, աղոթում ենք, որ շուտ կտրվի, որովհետեւ էդ անձրեւը մեր տան մեջ է գալիս: Տարաներ, վեդրոներ ենք շարում, որ պաշտպանենք տունը, բայց պատերն արդեն այնքան են խոնավացել, որ մի օր կփլվի ուղղակի: Էլ չենք ասում, որ խոնավության բուն է, էրեխեքն էլ ամբողջ օրը հազում են ու հիվանդանում: Մյուս կողմից էլ ամբողջ ջուրն էլեկտրալարերի միջով է անցնում: Ի՞նչ են մտածում մեր պետական այրերը, սպասում են մի դժբախտ դեպք պատահի, նոր ինչ-որ բան անե՞ն»,-ասում էին բնակիչները:

Նշենք, որ անկտուր տանիքների մասին բողոքներն այնքան շատ են, որ դրանց առանձին-առանձին հնարավոր չէր անդրադառնալ, սակայն մի քանի շենքեր այցելությունները բավական էր փաստելու, որ իրավիճակը, մեղմ ասած, տագնապալի է։

«Այսօր առավոտյան ենք գնացել քաղաքապետարան, կրկին մեր անհանգստությունը արտահայտելու տանիքների խնդրին, մեզ պատասխանեցին, որ տանիքը մեր սեփականությունն է եւ մենք պիտի այն վերանորոգենք: Ասացին՝ դիմում գրեք, մի 100 000-ով կօգնենք, բայց դա խնդրի լուծում չի: 17 տարի քաղաքապետ է նստած, միթե 17 տարում չկարողացավ 17 տանիքի խնդիր լուծել: Տանիքն ամբողջովին վերանորոգելու համար մոտ 2 մլն դրամ է պետք։ Անց անենք, որտեղից հայթայթենք, եթե աշխատանք չունենք: Այդ տրամաբանությամբ,  քաղաքն էլ է մերը, էլ քաղաքապետ ինչի՞ ենք պահում»,-դժգոհում էին բնակիչները:

Հրազդանցիների մի մասի շենքերի կտուրներն էլ մարտի 25-ին ուժեղ փոթորկի հետեւանքով են պոկվել մասամբ եւ ամբողջությամբ: Այս հարցի վերաբերյալ էլ Հրազդանի փոխքաղաքապետ Գեղամ Տիգրանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ վնասների մասին արձանագրությունները ներկայացրել են կառավարություն եւ սպասում են պատասխանի: Իսկ մինչ այդ, բազմաթիվ շենքերի բնակիչներ ստիպված են դույլերը սենյակներից սենյակ տեղափոխել բնակարանները անձրեւաջրերից պաշտպանելու համար:

Ի դեպ, վերջիներիս խոսքով, միայն կտուրների խնդիրը չէ, նաեւ նկուղներն են ահավոր վիճակում եւ անձրեւների ժամանակ շենքերի մուտքեր մտնելու համար նավակներ են անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ Հրազդանում մարտի 25-ին ուժեղ փոթորկի հետեւանքով պոկվել են 83 բազմաբնակարան շենքերի, 28 սեփական տների, 12 հասարակական օբյեկտների, մարզադպրոցների, մշակութային տների, դպրոցների, գրադարանների, եկեղեցիների տանիքներ:

Տպել
Ամենաշատ