News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փյունիկ գյուղի դպրոցի փակումն անթույլատրելի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձեւով վերակազմակերպել եւ միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին:

Հետագայում ՀՀ կառավարությունը երկարաձգել էր միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը: Արայիկ Հարությունյանը եւս մեկ անգամ ընդգծել է նախարարության տեսակետը՝ տվյալ գյուղի դպրոցի փակման անթույլատրելիության վերաբերյալ եւ հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան իրավական հիմքեր ապահովելու համար:

Նախարարը հետաքրքրվել է՝ արդյոք բոլոր աշակերտները տեղեկացվա՞ծ են ավարտական եւ միասնական քննությունների ժամանակացուցի փոփոխության վերաբերյալ, որի առնչությամբ ստացել է հավաստիացում:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաեւ դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների եւ աշակերտների շրջանում՝ իբրեւ թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը: Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարկետման, մագիստրոսական եւ ասպիրանտական տեղերի, հիմնադրամների գործունեության, ինչպես նաեւ գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաեւ ներառական կրթության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւի եւ ընթացիկ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերին:

Տպել
Ամենաշատ