News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեխաները, որոնց ստիպել են պարզապես գնալ եւ նստել դպրոցներում 12 տարի, քաղաքացի բանտարկվածներ են, եւ այլընտրանքը պետք է լինի երեխայի ու ուսուցչի, մարդու միտքը ազատագրելը։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին ազդադարելիս հայտարարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։  

Նա շեշտեց հեղինակային դպրոցի եւ բաց համակարգի ստեղծման կարեւորությունը. «Երբ ասում ենք հեղինակային դպրոց եւ հեղինակային մանկավարժություն, նկատի ունենք, որ ամեն մեկը իր գործի հեղինակն է։ Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաքից ցանկանում եմ առանձնացնել բաց համակարգի ստեղծման կարեւորությունը՝ բաց միջավայր, բաց դռներով, առանց զանգի, առանց պահակի, բաց ծնողի առաջ, բաց «Նորին մեծություն հասարակության» առաջ։ Անթույլատրել է, որ մարդը ուրիշի գրառումից տեղեկանա, ինչ է կատարվում իր դպրոցում»,–նշեց Բլեյանը։

Կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանն էլ շեշտեց, որ այլընտրանքային հանրակրթության հարթակների ստեղծումը կարեւոր է, որովհետեւ ՀՀ–ում շարունակում է գոյատեւել այն հնացած մոդելը, որ կրթությունը արտադրական պրոցես է, այսօր մեր տնօրենների եւ ռեկտորների բառապաշարում կա, որ դպրոցը թողարկում է շրջանավարտներ:

«Իմ կարծիքով մարդուն հնարավոր չէ թողարկել, քանի որ յուրաքանչյուր անհատ ունի որոշակի առանձնահատկություններ։ Այլընտրանքային հանրակրթությունը այն հարթակն է, որը թույլ է տալիս օգտագործել մարդկանց միջեւ տարբերությունները, երեխաների, մանկավարժների միջեւ  տարբերությունները դարձնել զարգացման հնարավորություն»,–հավելեց փորձագետը։

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը խոսեց հաջողված կրթական բարեփոխումների մասին՝ նշելով, որ բոլոր հաջողված կրթական բարեփոխումները աշխարհում հիմնվել են ուսուցչի վրա, ուսուցչի նկատմամբ բացարձակ վստահության վրա։ «Այո՛, ուսուցիչը կարիք ունի եւ աջակցության, եւ ստուգման եւ որակի  վերահսկողության իր կայացման ճանապարհին, սակայն ուսուցիչը որպես կերպար պետք է հասարակության բացարձակ վստահությունն ունենա։ Այսինքն պետք է ուսուցչի նկատմամբ հարգանք ձեւավորել եւ իրեն տալ գործելու ազատություն»,–նկատեց նա։

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս Արա Աթայանը պարզաբանեց մասանվոր եւ այլընտրանքային դպրոցների մասին գոյություն ունեցող թյուրըմբռնման մասին. «Դպրոցը պետք է լինի այլընտրանքային, եթե ցանկանում եք, որ ուսուցիչը ստեղծագործ լուծումներ առաջարկի, ոչ թե լինի զուտ կատարող։ Այսինքն, ինչպես ֆիննական համակարգում է, պետությունը ընդհանուր ձեւակերպում է նպատակները, որին ամեն մեկը յուրովի հասնելու հնարավորություն ունի։ Շատերը խոսելով մասնավոր դպրոցի մասին պատկերացնում են օլիգարխների, գիշատիչների դպրոց գիշատիչների երեխաների համար, մասնավոր դպրոց է, որը ունի իր ճանապարհը եւ շատ անգամ ստիպված է դարձել մանկավարժական այլընտրանք առաջարկելու համար, որը մեր մոտ հնարավոր չէ պետական դպրոցի շրջանակներում։  Իսկ դպրոցի պատվիրատուն ծնողն է, ընդհանրապես կապ չունի հարուստ կամ աղքատ լինելը»։

Նշենք, որ «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը» ձեւավորվել է ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների եւ անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության եւ գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Տպել
Ամենաշատ