News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սերգեյ Մերգելյանը հայ անվանի մաթեմատիկոսներից է։ Դեռ երիտասարդ տարիքում նա լուծեց մաթեմատիկական ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։ Չնայած դրան՝ նա աչքի էր ընկնում զարմանալի համեստությամբ։ Այդպես է Մերգելյանին հիշում ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արմեն Սերգեեւը, որը երկար տարիներ նրա հետ է աշխատել։

Սերգեեւի խոսքով՝ Մերգելյանը երկար տարիներ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի բաժիններից մեկի վարիչն էր, իսկ 20 տարեկանում դարձել է ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտության դոկտորը։ Այդ նույն տարիներին նա ապացուցել է կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության թեորեմը, որը հետագայում կոչվել է Մերգելյանի թեորեմ եւ ներառվել է Ֆունկցիաների տեսության դասընթացում։

«Մերգելյանը զարմանալի համեստ անձնավորություն էր։ Հանգիստ, հավասարակշռված, հարգալից, նրա հետ շատ հեշտ էր շփվելը»,–հիշում է Արմեն Սերգեեւը։

Սերգեեւը Երեւան է ժամանել Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովին եւ միջոցառումներին մասնակցելու համար։ Միջոցառումներին, որոնք կազմակերպել է ՀՀ ԳԱԱ–ն, եկել են շատ մաթեմատիկոսներ ԱՄՆ–ից, Իրանից, Հնդկաստանից, Չեխիայից, Իսրայելից, Շվեդիայից, Խորվաթիայից եւ մի շարք այլ երկրներից, որոնց կայացման գործում մեծ դեր են խաղացել Մերգելյանի աշխատությունները:

Հիշեցնենք, Սերգեյ Մերգելյանը հայ մաթեմատիկոս է, Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտորը (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ