News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի շուրջ 700 բնակիչների` իրեն ուղղված դիմումի հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով ներկայացված փաստերի առնչությամբ հարուցել քրեական գործ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համայնքի բնակիչների հաղորդումների, ինչպես նաեւ մայիսի 15-ին hetq.am կայքում հրապարակված նյութի համաձայն` համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով օտարվել են համայնքին պատկանող մի շարք անշարժ եւ շարժական գույք:

Տեղում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով մայիսի 18-ին նախարարի հանձնարարականով Նորակերտ էին գործուղվել ՏԿԶՆ աշխատակազմի վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետներ Արկադի Չերչինյանը եւ Արամ Սարգսյանը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ համայնքապետարանում բացակայում են համայնքին պատկանող գույքի օտարման օրինականության վերաբերյալ փաստաթղթերը։

Հաշվի առնելով Հետք-ի հրապարակումը եւ հիմք ընդունելով ՀՀ ՏԿԶՆ իրավաբանական վարչության եզրակացությունն առ այն, որ Նորակերտ համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից իրականացված գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերեւույթ տարրեր՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին ենթակետով, խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրեական գործ։

Տպել
Ամենաշատ