News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցած դարի 60-ականներին ԽՍՀՄ –ի ու Եվրոպայի երկրների միջեւ շփումը շատ քիչ էր, ու երբ հայ հայտնի մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը Ֆրանսիա է մեկնել մասնակցելու գիտաժողովի, այնտեղ բնակվող հայերից շատերը ցանկացել էին հանդիպել նրա հետ, այդ թվում հայտնի երգիչ Շարլ Ազնավուրը։  Այս մասին NEWS. am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Սերգեյ Մերգելյանը՝ մաթեմատիկոսի կրտսեր որդին։

Մաթեմատիկոսն ու երգիչը հանդիպել են Փարիզում մի փոքրիկ հարմարավետ սրճարանում ու երկար զրուցել են՝ ոչ թե պարզապես հայերեն, այլեւ թիֆլիսահայերի բարբառով՝ երկուսն էլ  այնտեղից են ծնունդով։

«Հանդիպել էին երկու հայեր երկու շատ տարբեր երկրներից ու նրանցից յուրաքանչյուրը հայտնի էր դարձել իր ոլորտում, ու նրանք խոսում էին այն բարբառով, որով խոսում են իրենց ծննդավայրում՝  փոքրիկ քաղաքում»,- պատմում է Սերգեյ Մերգելյան կրտսերը։

Երեւան նա եկել  է  մասնակցելու իր հոր 90-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սերգեյ Մերգելյան- կրտսերը հիմա ապրում է Լոս Անջելեսում, որտեղ նա թարգմանիչ է աշխատում։

Այն հարցին, թե ինչու նա հոր հետքերով չի գնացել ու մաթեմատիկոս չի դարձել՝ Սերգեյ Մերգելյան կրտսերը ժպտալով պատասխանում է․

«Նա միշտ ասում էր, որ ես ինքս պետք է ընտրեմ իմ ուղին, նա երբեք չէր ցանկանում, որ ես գնամ իր հետքերով։ Ես մանկուց հետաքրքրվել եմ բանասիրությամբ, պատմությամբ, լեզուներով ու դրա համար էլ այս ուղին եմ ընտրել ինձ համար»։

Սերգեյ Մերգելյան կրտսերը հիշում է հոր նաեւ մյուս բառերը, որոնք նա միշտ ասում էր, երբ որդին փոքր էր․ «Եթե որեւէ գործ ես սկսել՝ միշտ ավարտին հասցրու»։

«Նա մանկուց ինձ ասում էր, որ եթե գործ ես սկսում, պետք է ավարտին հասցնես, չի կարելի կիսատ թողնել։ Նա նաեւ ասում էր, որ ես միշտ պետք է լինեմ հավաքված, նպատակասլաց։ Իհարկե ոչ միշտ է հաջողվում հետեւել այդ խորհուրդներին, բայց ես ձգտում եմ»։

Հիշեցնենք, որ Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը մաթեմատիկոս է, որը կանգնած է եղել Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։ Ստալինյան պրեմիայի դափնեկիր (1952թ․), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանանակիր (2008 թ․)։ Մերգելյանը նաեւ հայտնի է որպես ԽՍՀՄ պատմության մեջ գիտությունների ամենաերիտասարդ դոկտոր (այդ աստիճանը նրան է շնորհվել երբ նա ընդամենը 20 տարեկան էր) ու ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամ (այդ կոչումը նա ստացել էր 24 տարեկանում)։

Երեւանում այս օրերին անցկացվում են գիտաժողովներ ու միջոցառումներ՝ նվիրված Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին։ Միջոցառումները, որոնք կազմակերպել է ՀՀ ԳԱԱ-ն, հավաքել են բազմաթիվ մաթեմատիկոսների, որոնց մասնագիտական կայացման գործում մեծ դեր են կատարել Մերգելյանի աշխատությունները, նաեւ մասնագետների ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Չեխիայից, իսրայելից, Շվեդիայից, Խորվաթիայից ու մի շարք այլ երկրներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ