News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի գիտնականները խորհրդային արխիվներում պահպանված ծնոտի կտորների եւ գանգոսկրի առաջին անկախ անալիզն են կատարել, որոնք, ենթադրաբար, Ադոլֆ Հիտլերինն են: Գիտնականների կարծիքով՝ դրանք իսկական են, իսկ ռենտգենի նկարների հետ ոսկորների համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ծնոտի ոսկորներն իսկապես Հիտլերինն են:

European Journal of Internal Medicine-ում հրապարակված հոդվածի հեղինակները հանգել են եզրակացության, որ Հիտլերն իսկապես մահացել է 1945 թվականին, եւ այդ առիթով բոլոր ենթադրություններն ու տեսությունները կարելի է սխալ համարել, հաղորդում է N+1-ը:

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ադոլֆ Հիտլերն ու նրա կինը՝ Եվա Բրաունը, ինքնասպան են եղել 1945 թվականի ապրիլի 30-ին Բեռլինում Հիտլերի բունկերում: Դրանից հետո նրանց մարմինները դիակիզել են: Որոշ ժամանակ անց այրված մնացորդները, այդ թվում՝ ծնոտների մասերը, հայտնաբերել են խորհրդային զինվորները, ինչից հետո փորձել են պարզել ոսկորների պատկանելությունը: Դրանց մեծ մասը, ենթադրաբար, ոչնչացվել է 1970 թվականին՝ բացի վերոնշյալ ծնոտի մնացորդներից եւ գանգոսկրից. դրանք հայտնվել են ՊԱԿ-ի (ԿԳԲ) եւ ԽՍՀՄ Պետական արխիվում:

Անալիզի արդյունքում պարզվել է, որ գանգը պատկանել է 45-75 տարեկան մարդու, սակայն նրա հստակ տարիքը եւ սեռը հնարավոր չի եղել պարզել, քանի որ ոսկորները լավ չեն պահպանվել:

Երկրորդ նմուշը, ավելի ճիշտ՝ ԱԴԾ-ի (նախկին ՊԱԿ)-ի արխիվում մնացած նմուշների խումբը, ծնոտի մնացորդներ են՝ ատամներով:

Խորհրդային փորձագետների պաշտոնական եզրակացության համաձայն՝ ինքնասպանությունն իրականացվել է ցիանիդով թունավորման միջոցով, սակայն որոշ աղբյուրների համաձայն՝ Հիտլերն ինքնասպան է եղել հրազենով: էմալի տարրական անալիզի արդյունքում ծանր մետաղների, այդ թվում՝ արճիճի իոններ չեն հայտնաբերվել, որոնք պետք է լինեին նմուշներում, եթե մարդը գնդակն արձակել է բերանում, ինչպես, ենթադրաբար, արել է Հիտլերը: Ատամների վրա նաեւ վառոդի հետքեր չեն եղել, փոխարենը էմալի վրա փորձագետները հայտնաբերել են կապույտ բծեր, որոնք կարող էին հայտնվել ցիանիդի հետ քիմիական ռեակցիայի արդյունքում:

Ամեն դեպքում, գնդակի հետքով գանգի կտորը ենթադրում է, որ ինքնասպանությունը կարող էր կատարվել նաեւ գլխին կրակոցի միջոցով: Սակայն գանգոսկրի պատկանելությունը հավուր պատշաճի պարզված չէ, եւ առաջիկայում գիտնականները ծրագրում են ԴՆԹ անալիզ անցկացնել՝ պարզելու համար, արդյո՞ք ատամներն ու գանգոսկրը միեւնույն մարդուն են պատկանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ