News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ քաղաքական փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա է, անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու եւ առկա ներուժն իրացնելու նպատակով: ՀՀ կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է այսօր՝ մայիսի 22-ին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հետ հանդիպմանը:

Վարչապետը կարեւորել է տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը: Նա շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու եւ միջազգային հարթակներում սերտ համագործակցության համար:

Շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը փոխանցել է իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու եւ ամրապնդելու երկկողմ կապերը: Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունը աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին եւ համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում և այժմ ուսումնասիրում են մեր երկրի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Լուկաս Գասսերն ասել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու և դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով: Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության եւ Հայաստան-Շվեյցարիա առեւտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը եւ Լուկաս Գասսերն անդրադարձ են կատարել նաեւ տարածաշրջանային նշանակության ընթացիկ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ