Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է, որպեսզի ԵՄ անդամ երկրների միջնակարգ դպրոցների բոլոր շրջանավարտները ոչ թե մեկ, ինչպես հիմա է, այլ երկու օտար լեզվի տիրապետեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սա Եվրոպական հանձնաժողովի կողմից մինչեւ 2025 թվականը համաեվրոպական կրթական տարածքի ստեղծման նախագծի բաղադրիչ մասն է, երեքշաբթի օրը հայտարարել է կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրաչիչը:
«Մենք քայլեր ենք առաջարկում, որպեսզի ԵՄ-ի բոլոր երեխաները կարողանան որակյալ կրթություն ստանալ դեռ վաղ տարիքից... Մենք քննարկման ենք ներկայացնում լեզուների դասավանդման եւ ուսուցման բարելավման նախաձեռնությունը: Մեր վերջնական նպատակը այն է, որպեսզի բոլոր մարդիկ միջնակարգ կրթություն ստանալուց հետո բացի մայրենի լեզվից խոսեն եւս առնվազն երկու (օտար) լեզվով»,- Բրյուսելում լրագրողներին ասել է նա: