News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստուգումներ սկսել Հայաստանում գործող բոլոր մետաղական հանքերում։ Այդ մասին վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով մի շարք բնապահպանական հարցերի։

Ըստ վարչապետի, բազմաթիվ բողոքներ կան այդ հանքերի հետ կապված։ «Մենք լինելու ենք սկզբունքային եւ հետեւողական, եւ այդ ստուգումները չափազանց կարեւոր եմ համարում։ Աշխարհում եւ Հայաստանում բնապահպանական խնդիրներն ակտիվորեն քննարկվում են, եւ դա նորմալ է»,- ասել է վարչապետը եւ հավելել. «Պետք  է լինի հստակ բալանսավորված մոտեցում։ Մենք չենք կարող ասել, թե Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը փակելու ենք, բայց մյուս կողմից չենք կարող թույլ տալ, որ հանքարդյունաբերությունը լինի այն պայմաններով, ինչ այսօր է լինում»։

«Հիմա մենք ուսումնասիրում ենք նոր հետազոտական աշխատանքների եւ հանքերի շահագործման թույլտվություններ չտալու օրենսդրական հնարավորությունը, մինչեւ չունենանք երաշխիքներ, որ կարողանալու ենք երաշխավորել այդ պրոցեսների կազմակերպումը բացառապես Հայաստանի օրենսդրության պահանջներին եւ միջազգային կանոններին համապատասխան»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով, բնապահպանական կանոնները պատշաճ մակարդակով չեն պահպանվում։ «Բազմաթիվ հանքեր չեն կատարել պետության առջեւ պարտավորությունները, չվճարումները հասնում են մի քանի միլիոն դրամի։ Պետք է ապահովենք, որ այդ բոլոր վճարումները պատշաճ ձեւով իրականացվեն»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ այս գործում կհաջողվի ներգրավել մամուլն ու քաղհասարակությունը։

Նա նշել է, որ առաջիկայում հրավիրելու են բնապահպանական կառույցներին ու այդ թեմայով գրող լրագրողներին, որոնք մասնակից լինեն այդ ստուգումներին։

«Մեր բոլոր գործողությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ, օրենքին համապատասխան, որպեսզի ՀՀ-ի համար նեգատիվ հետեւանքներ չլինեն միջազգային ատյաններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Տպել
Ամենաշատ