News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրերը ուսումնասիրվելու են: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց, թե ե՞րբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը. «Գլխավոր դատախազության 2017թ.-ի տարեկան հաղորդման քննարկման շրջանակներում պատգամավորն ասաց, որ ըստ փաստաթղթի՝ անցած տարի կոռուպցիայի 163 դեպք է եղել, որից 43-ը պաշտոնյաների մասնակցությամբ: Երբ մենք ուսումնասիրում ենք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, 43 թիվը ծիծաղելի է թվում, որովհետեւ տեսնում ենք, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին կնախանձեին արաբական շեյխերը: Մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունները, որպես բարի կամքի արտահայտության գերագույն դրսեւորում ներկայացրին ապօրինի հարստացման դեմ օրենքը, բայց այն, բնականաբար, չէր կարող գործել նրանց պաշտոնավարման ժամանակ, քանզի հայաստանյան իրավապահ համակարգը «կրյուչոկով» կախված է եղել նախագահական նստավայրից, դատական որոշումները կայացվել են նախագահականից եկող հեռախոսալարի միջոցով»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ բազմաթիվ պաշտոնյաներ կեղծ հայտարարագրեր են ներկայացրել:

Ի պատասխան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այդ հայտարարագրերն, իհարկե, ուսումնասիրվելու են: «Մենք անցած տարի ընդունեցինք ապоրինի հարստացման մասին օրենքը, որը ենթադրում է, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայտարարագրերում հանցակազմի առկայության դեպքում իրականացվելու են վարույթներ: Շուտով կսկսի գործել նաեւ կոռուպցիայի կանխարգելման մարմինը եւ կլինեն մանրամասն ուսումնասիրություններ, ցանկացած հակասություն կհանգեցնի վարույթների իրականացման»,- նշեց դատախազը:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հարցրեց, թե մեր դատարաններն այսուհետ ունա՞կ են երկար տարիների պրեսինգի տակ աշխատելուց հետո չսպասել հրահանգի ու որոշում կայացնել օրենքի շրջանակներում. «Դատական համակարգն անկախությունից ի վեր այլասերվել է եւ գնալով նախագահականից կախվածությունը վերածվել էր դոպինգային կախվածության: Վստա՞հ եք, որ այն դատավորները, որոնց թույլ չեն տվել անկախ մտածել, ունակ են այլեւս իրականացնել օրենքով սահմանված իրենց լիազորությունները»:

Արթուր Դավթյանը նախ ասաց, որ համաձայն չէ հնչած գնահատականների հետ, ապա հավելեց. «Մեր երկրում արդարադատության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ մշտապես քայլեր են ձեռնարկվել, հիմա էլ ձեռնարկվում են, որ մենք ունենանք լավ արդարադատություն: Իսկ այն դատավորները, ովքեր իրենց վարքագծով չեն բավարարի օրենքի պահանջներին, իրենց վրա ներազդելու իրավական մեխանիզմներ ունենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ