News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում ունենք քրեական գործեր, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը գլխավոր դատախազին հարց է ուղղել. «Ասում եք՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ասում եք՝ միջազգային կառույցների կողմից հայտնի չէ փաստ, որ որեւէ մեկը ճանաչվի քաղբանտարկյալ: Human Right Watch-ը շատ մեծ նամակով դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որտեղ Գեւորգ Սաֆարյանին ներկայացրել էր քաղբանտարկյալին բնորոշ ձեւակերպումներով: Ասում եք՝ ով քաղաքական գործունեությամբ է զբաղվում ու եթե ինչ-որ բան է անում, միանգամից ասում են՝ քաղբանտարկյալ է»:

Ի պատասխան՝ Արթուր Դավթյանն առաջարկել է «քաղբանտարկյալ» տերմինը չօգտագործել:

«Ես կձեւակերպեի այսպես. կա այսպիսի կարծիք, որ այդ անձանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն կամ ապօրինի են: Շատ լավ հասկանալով Ձեր հարցի ենթատեքստը՝ ցանկանում եմ ասել, որ տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում, ընդ որում, նման ձեւակերպում կա օրենսդրությունում, ունենք քրեական գործեր, որոնցով անձը կամ նրա արարքը կարող են այլեւս վտանգավոր չլինել կամ նվազել վտանգավորությունը: Այո՛, կան այնպիսի գործեր, որոնցով կարող ենք կանգ առնել փոփոխության քննարկմամբ: Այս պայմաններում պետք է ունենանք անձի այնպիսի վարքագիծ, որը կվկայի, որ  իրադրության փոփոխությունը բերել է նրա վտանգավորության փոփոխության»,- ասել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել ու տեսնել, թե այս իրավիճակում խնդիրներին ի՞նչ նոր լուծումներ կարելի է տալ:

Ալեն Սիմոնյանն արձագանքել է՝ դատախազն իրեն «ծուղակի մեջ գցեց»: «Դուք ասում եք՝ իրադրություն է փոխվել, կբացատրե՞ք, թե ի՞նչ տարբերություն Գեւորգ Սաֆարյանի գործողությունների մեջ, երբ փոխվել է վարչապետը: Կամ Անդրիաս Ղուկասյանի գործողությունների մեջ: Էդ ի՞նչ իրավիճակ է փոխվել, որ քրեորեն պատժելի արարքը փոխվել է: Զանգվածային անկարգության եւ մյուս հոդվածները մնում են նույնը, ի՞նչն է փոխվել»,- հարցրեց Սիմոնյանը:

«Իրադրության փոփոխությունը հասկանալի պետք է լինի: Մենք ունեինք քրեական գործեր, որտեղ մարդիկ նախապատրաստում էին իրականացնել զանգվածային անկարգություններ, պետությանը, պաշտոնատար անձանց ներկայացնում էին պահանջներ: Մենք այսօր չունենք այդ պաշտոնյաներին: Կոչեր էին հնչեցնում զենքով շարունակել պահանջները, բայց իրադրության փոփոխություն է եղել, կոնկրետ անձի վտանգավորությունը հանրության համար նվազել է»,- պատասխանել է գլխավոր դատախազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ