News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեկվա իմ հայտարարությունը ենթադրում է, որ պայքարելու եմ, որ Երեւանը չաղավաղվի, չշարունակվի այն քաղաքականությունը, որը տեղի է ունեցել մինչ օրս: Այսօր՝ մայիսի 23-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը երեկ երեկոյան հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:

Դիտարկմանը, թե ԱԺ պատգամավորի պաշտոնում եւս կարող էր պայքարել, քանի որ, ըստ էության, ավելի շատ լիազորություններ եւ հնարավորություններ կան, Սիմոնյանը համաձայնել է, սակայն հավելել. «Բայց այս քաղաքական իրավիճակում ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե այս պահին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է: 

«Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական շարունակությունն է այն գործընթացի, որը տեղի է ունեցել, այն ընտրությունների, որը տեղի է ունեցել, եւ այն հետեւանքների, որը համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցավ»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Չնայած Երեւանի ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, Սիմոնյանը հնարավոր է համարում Տարոն Մարգարյանի հրաժարականին հասնելը. «ՀՀԿ խմբակցությունն ավագանիում բաղկացած է հայտնի եւ մեծ մասամբ ոչ քաղաքականացված մարդկանցով, որոնք, չեմ կարծում, իրենց նույնականացնում են ՀՀԿ-ի եւ ՀՀԿ գաղափարախոսության հետ»:

Ավագանու ՀՀԿ-ական անդամների հետ, սակայն, առանձին բանակցություններ Ալեն Սիմոնյանը չի ունեցել. կոռեկտ չի համարում, քաղաքապետի հրաժարականի գործընթաց սկսելու հարց նույնպես «Ելք»-ում չեն քննարկել:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներին եւ սոցցանցում հնչած քննադատություններին ու կասկածներին, թե մանդատից հրաժարվել է, քանի որ հստակ գիտի՝ քաղաքապետ է դառնալու, Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Դե՝ այնքան «ֆեյքեր», որքան քաղաքապետարանն ունի, ոչ մի այլ գերատեսչություն չունի: Ես նորմալ եմ վերաբերվում, չի կարող լինել մեկ կարծիք մեկ անձի շուրջ: Իմ որոշումը ես կայացրել եմ այն ժամանակ, երբ իմացել եմ, որ օրերի հետ կապված խնդիր կա եւ միտում կա օրվա լրանալուն պես արձանագրություն կազմել եւ ուղարկել ԿԸՀ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ