News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը


Հույս ունեմ, որ համապատասխան մարմինները կլինեն աչալուրջ, եւ 1-2 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով իր օգնական Անդրանիկ Իսոյանի ձերբակալությանը:

«Ցավում եմ, որ վերջին ժամանակներս ձերբակալված մարդկանց թվում է հայտնվել նաեւ իմ օգնականը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ համապատասխան մարմինները կլինեն աչալուրջ, որ 1-2 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Մամուլում կան տեսանյութեր, որ ես անձամբ այդ օրերին շրջել եմ Քանաքեռ-Զեյթունում, ես մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ հարգելով միմյանց՝ ես ու իմ ընտրողները, այդ օրերին բազում ճանապարհներ բացվել են  Քանաքեռ-Զեյթունում, եւ մենք կարողացել ենք ճանապարհները փակելու մեթոդից ձեռնպահ մնալ»,- հավելել է Պողոսյանը:

Նա հույս ունի, որ «այսօր-վաղը ամեն ինչ պարզ կլինի, եւ կունենանք համապատասխան որոշում»:

«Իմանալով իմ օգնականին՝ հույս եւ վստահություն եմ հայտնում, որ նա այդտեղ չի եղել, եւ դա թյուրիմացություն է: Համոզված կարող եմ ինձ համար լինել: Իսկ այն, որ ձերբակալվածների թվում իմ օգնականն է եղել, կարծում եմ նորմալ է, քանի որ, ինչպես նշեցի, այդ օրերին շրջել ենք եւ զրույցներ ունեցել մեր ընտրողների հետ»,- հավելել է նա:

Պողոսյանը համապատասխան մարմիններին խնդրում է, իր խոսքով՝ վենդետաների չգնալ, չգնալ քայլերի, որոնք հիմնավորված չեն լինի: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ այդ օրերին ցուցարարների մեքենաները ջարդողները կարող էին պատահական մարդիկ չլինել:

«Ես կարող եմ ընդամենը իմ կարծիքը հայտնել: Իմ կարծիքը հետեւյալն է, որ կարող է մեկ՝ հրահանգավորված լինի, երկու՝ կարող է՝ մեկը ճանապարհը փակել է, եւ լինի որոշակի վեճ, որի արդյունքում որոշակի բախում լինի: Բացառում եմ, որ իմ օգնականը հայտարարի, որ հրահանգ է ստացել իմ կողմից, որովհետեւ նման բան չկա: Իմ կողմից հրահանգ չի եղել, քանի որ ես այնտեղ ընտրված պագամավոր եմ, ես սիրում եմ իմ ժողովրդին, շփվում եմ իմ ժողովրդի հետ ամեն օր»,- հայտարարել է Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 21-ին ժամը 13:30-ի սահմաններում քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակում մասամբ փակել են Երեւան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք եւ մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաեւ՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին եւ վարորդներին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ Ա.Իսոյանն է՝ ծնված՝ 1988թ.։ Նա ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ձերբակալվածը Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը:

Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news