News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը


Հայաստան նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մայիսի 23-ին հանդիպել է «Ամուլսարն առանց հանքի» ակցիայի մասնակիցներին եւ հանդիպումից հետո նրանց հետ ազգագրական պարեր պարել:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են կամ ընդհանրապես դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, կամ որոշ ժամանակահատվածով կասեցնել, որպեսզի հնարավոր լինի նոր ուսումնասիրություններ իրականացնել:

Նախագահ Սարգսյանին բնապահպանները դիմավորեցին ծափահարություններով։ Սարգսյանը նշեց, թե մեր երկիրը մի քանի կարեւորագույն խնդիրներ ունի։ «Առաջինը մեր երկրի անվտանգությունն է: Բոլորդ կհամաձայնեք, որ անվտանգությունը լայն իմաստով ոչ միայն բանակ է, ռազմարդյունաբերական կոմպլեքս, այլ նաև արտաքին հարաբերություններ»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ երկրորդ խնդիրը կրթությունն է, քանի որ երկրի ապագան կախված է լինելու քաղաքացիների մակարդակից։ Իսկ երրորդ խնդիրը, նախագահի խոսքով, բնապահպանությունն է։ «Եթե միայն Ամուլսարը լիներ, ես կգայի, կասեի՝ եկեք բոլորով միասին այդ հարցը լուծենք, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են և ուսումնասիրության ենթակա են»,- ասել է նախագահը։

Մեկնաբանելով «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին լուրերը՝ Սարգսյանն ասել է, թե իր ընտանիքը մեկ դոլարի շահ չունի կամ չի ունեցել Ամուլսարի հանքից: «Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ անկախ տնօրեն ընդամենը մի քանի ամիս, որն ունեցել է մի քանի նպատակ: Դա 5 տարի առաջ է եղել, ես եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, հետո հրաժարվել եմ այդ պաշտոնից և դրանից հետո «Լիդիանի» հետ որևէ կապ չեմ ունեցել»:

Ըստ Սարգսյանի, իր համար չկա որևէ գերակա շահ, որն իրեն կհամոզի հաջողության հասնել՝ երկիրը ոչնչացնելով: Նա պատրաստակամություն է հայտնել բնապահպանների հետ հանդիպել նախագահական նստավայրում եւ շարունակել քննարկումը։

Հանդիպման վերջում երիտասարդները նամակ հանձնեցին նախագահին: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները նաեւ նամակ են հանձնել վարչապետ Փաշինյանին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news