News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում հուշարձանների պահպանությունը պետք է լինի գերակա շահ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։

Նա նաեւ խոսել է նախարարության տված դրամաշնորհների մասին, նշել, որ շատ են մտահոգությունները, թե դրանք տրամադրվում են անհասկանալի սկզբունքներով։ «Հավասարության եւ մրցակցային դաշտի խնդիր կա, պետական հովանավորչության տարրն անընդունելի է»,- ասել է նախարարը եւ նշել, թե առաջիկա գործողությունների շարքում նպատակ ունեն թիրախավորել հենց այդ խնդիրը. «Սա մեկ անձի կառավարություն չէ, եւ հանրային քննարկման արդյունքում կհասկանանք, թե ինչպես կլուծենք այդ խնդիրը»։

Նախարարը նշել է, թե այժմ մշակման փուլում է կառավարության ծրագիրը։ «Մատնանշել ենք մի քանի ուղղություններ։ Օրենսդրական կարգավորման խնդիրը, հուշարձանների պահպանությունը պետք է լինի գերակա շահ։ Հայկական մշակույթի արտահանումն ենք շեշտել։ Հավասար պայմանների եւ թափանցիկ գործելաոճը պետք է լինի գերնպատակներից մեկը»,- ասել է Մակունցը։

Նախարարը նաեւ խոստացել է, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ «Նորից հանդիպել ենք տնօրենի հետ, եղել են որոշակի ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր, խոսել ենք, այժմ նորմալ է։ Իհարկե, հետագայում պետք է նայել համագործակցության հարցերը, քննարկենք, հասկանանք»։

Մակունցը նաեւ նշել է, թե նախարարությունում դիագնոստիկա են անում, եթե չարաշահման դեպքեր լինեն, նախարարն անպայման տեղյակ կպահի այդ դեպքերի մասին։

Տպել
Ամենաշատ