News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունը հաջողություն կարձանագրի, եթե այդ գործում իր դերակատարումն ունենա նաեւ հասարակությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նշենք, որ Ջանջուղազյանը երկար պաշտոնավարել է նախկին կառավարությունների շրջանում, զբաղեցրել է ՀՀ գլխավոր գանձապետի պաշտոնը: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նա նշանակվեց ֆինանսների նախարարի պաշտոնում:

Մեզ հետ զրույցում Ատոմ Ջանջուղազյանը անդրադարձել է առաջիկայում սպասվող կոռուպցիոն բացահայտումներին եւ նոր կառավարության գործելաոճին:

Պարոն Ջանջուղազյան, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս հայտաարրեց առաջիկայում սպասվող կոռուպցիոն սխեմաների, ապօրինի հասրտանալու բացահայտումների մասին: Հաշվի առնելով, որ Դուք երկար ժամանակ աշխատում եք պետական համակարգում եւ ֆինանսական ոլորտի առանցքային ներկայացուցիչներից եք եղել, տեղյա՞կ եք՝ ինչի մասին է խոսքը:

Կարծում եմ՝ հարցի հասցեատերը ես չեմ, ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը:

ԱԱԾ պետը կարծում է, որ ճիշտ է ոչ թե նրանց ազատազրկվելը, այլ այդ գումարները պետական բյուջե վերադարձնելը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը, էական ազդեցություն կունենա՞ բյուջեի վրա:

Կդժվարանամ ասել, քանի որ չգիտեմ՝ ինչի վրա է կառուցված խոսքը եւ ինչ գումարների մասին է խոսքը: Չեմ կարող ասել: Իսկ պատիժը ես կուզեմ լինի այնպես, ինչպես թույլ է տալիս ՀՀ օրենսդրությունը: Այսինքն իմ պատկերացմամբ՝ նպատակը չպիտի լինի այն, որ մարդիկ գնդակահարվեն կամ ավելի կոշտ մեթոդներով պատիժներ կիրառվի, պետք է նպատակը լինի օրենքի գերակայության ապահովումը:

Հեղափոխությունն ինչպե՞ս է անդրադարձել երկրում ֆինանսական ոլորտի վրա:

Ես էնքան ուրախ եմ, որ մենք ունենք այնպիսի կայացած ինստիտուտներ, որ այդ փոփոխությունները, շարժումները չունեցան որեւէ ազդեցություն, եւ համակարգը շարունակեց գործել ճիշտ այնպես, ինչպես նախանշված էր: Այսինքն՝ համակարգի բնականոն գործունեությունը ապահովված էր: Դա մեր ձեռքբերումներից մեկն էր:

Ձեր կարծիքով, անցնցում իշխանափոխությունից հետո ակնկալո՞ւմ եք հաջողություններ, առաջընթաց ֆինանսատնտեսական ոլորտում, ներդրումների համար գրավիչ փուլ է սկսվե՞լ:

Ցանկացած փոփոխություն տեսականորեն կարող է բերել վերաբերմունքի փոփոխության, այսինքն աշխարհը մի կերպ էր ընկալում քեզ, հիմա կարող է այլ կերպ ընկալել: Այնպես որ, ճանաչման իմաստով դեռ կյանքը ցույց կտա... ոգեւորությունը էմոցիա է, իսկ ներդրումը հաշվարկ է, մարդիկ չեն կարողանում էմոցիայով առաջնորդվել ներդրում անելիս, պիտի համոզված լինեն, որ այն ընկալումը, որ իրենք ունենալու են, այն ինչ իրենց ապահովելու է ներդրումները: Ներդրումը նվեր չի, պիտի լինի այն միջավայրը, որ մարդիկ հաճույքով ներդրում կատարեն: Դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ներդրումներին նախորդում են հաշվարկներ, գնահատականներ եւ այլն:

Պարոն Ջանջուղազյան, Դուք ֆինանսական ոլորտի հնաբնակներից եք եւ պատկերացում ունեք նաեւ նախկին կառավարությունների գործելաոճի մասին։ Ի՞նչ կարծիք ունեք, Փաշինյանի գլխավորած կառավարությանը կհաջողվի՞ պայքարել կոռուպցիայի դեմ եւ այդ չարիքը արմատախիլ անել երկրից կամ նվազագույնի հասցնել:

Ես ուզում եմ հավատալ։ Իմ հավատը ասեմ՝ ինչի վրա է խարսխված. պետք չի հույսը դնել միայն իշխանության վրա: Եթե մենք բոլորով իրար հետ ջանք չգործադրենք,որ այս կամ այն երեւույթեը դադրի գոյություն ունենալ , բավականին փոփոխություն կլինի: Անկասկած, յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի իր չափով: Ես չեմ ուզում պատասխանատվությունը կառավարության վրայից տեղափոխել, բայց այդ գործընթացին չի կարող չմասնակցել նաեւ հանրությունը:

Տպել
Ամենաշատ