News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ի նիստում հավանություն տվեց ԱԺ մի խումբ պատգամավորների (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան եւ Անդրանիկ Հարությունյան) օրենսդրական նախաձեռնության նախագծին, որով առաջարկվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ եթե պատգամավորները հանդես են գալիս օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ, ապա կառավարության ներկայացուցիչը ոչ թե կարող է հանդես գալ որպես հարակից զեկուցող, այլ պարտավոր է:

Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ այդ փոփոխությունն ընդունելի է մեկ վերապահումով, որ կառավարության ներկայացուցիչը հանդես գա որպես հարակից զեկուցող այն դեպքում, երբ ունի առաջարկություն. «Որովհետեւ կարող է նման առաջարկություն չլինել: Այո ընդունում ենք, որ կառավարության ներկայացուցիչը հանդես գա խորհրդարանում եւ ելույթ ունենա»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Այսինքն ունենք 4 իրավիճակ՝ կառավարությունն առաջարկ չունի, կառավարությունն ունի հեղինակի տեսակետից բացասական առաջարկություն, ունի չեզոք առաջարկություն եւ ունի պոզիտիվ առաջարկություն: Այսինքն այս 4-ից երեքի դեպքում կառավարության ներկայացուցիչը հանդես է գալիս որպես հարակից զեկուցող»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումներ նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որ կառավարության ներկայացուցիչը բոլոր դեպքերում հանդես գա որպես հարակից զեկուցող, եթե անգամ կառավարությունը չունի առաջարկ. «Թող գնա եւ ներկայացնի, թե ինչու չունի առաջարկ»:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով նկատեց. «Այսինքն եթե հիմա կառավարության նիստում որեւէ որոշման վերաբերյալ չկա առաջարկ, ես պետք է բոլոր նախարարներին հերթով հարցնե, թե ինչու չունեն առաջա՞րկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ