News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չնայած Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի  հագեցվածությանը, այդ ոլորտում սթարթափներն ասելիք ունեն։ Ապացույցը HelloSIM նախագիծն է, որը զբոսաշրջիկներին առաջարկում է միջազգային SIM-քարտ՝ շահավետ սակագներով։

HelloSIM նախագծի շրջանակներում առեւտրային գործունեությունը սկսվել է 2017 թվականից, մինչ այդ նախագիծն աշխատել է թեսթային ռեժիմով, փաստացի անվճար SIM քարտեր բաժանելով։ Հայաստանում շուկայի յուրացման առանձնահատկությունների եւ սթարթափի կառավարման բարդությունների մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է HelloSIM նախագծի համահիմնադիր եւ ղեկավար Արմենակ Խաչատրյանը։

Ինչպե՞ս է ծնվել HelloSIM նախագծի գաղափարը:  Ի՞նչը Ձեզ դրդեց դրան:

Ես շատ եմ ճանապարհորդել եւ միշտ բախվել եմ այնպիսի խնդրի հետ, ինչպիսին ռոումինգի բարձր գինն է: Փաստացի, ռոումինգը չէր կարող ամբողջությամբ փակել հաղորդակցային բոլոր կարիքները: Տեղական քարտի ձեռqբերումն էլ երբեմն դժվարություններով էր ուղեկցվում, անհարմարությամբ, շատ ժամանակ է պահանջում, քանի որ անհրաժեշտ է գտնել համապատասխան վաճառքի կետ, հերթերում կանգնել, իսկ որոշ երկրներում արտասահմանցիները պարզապես չեն կարողանում SIM քարտ գնել: Օրինակ Գերմանիայում, եւ, կարծես թե, արդեն Բելգիայում եւ Ֆրանսիայում էլ հայտնի դեպքերից հետո SIM քարտերի գնման համար բավական խիստ սահմանափակումներ են ներդրվել: SIM քարտ գնելու համար հարկավոր է, բանկային հաշվեհամար ունենալ, և այլն: Որքան ես գիտեմ, Հայաստանի քաղաքացիները այս երկրներում չեն կարող վերիֆիկացիա անցնել. այն գործում է միայն սահմանափակ թվով երկրների համար: Այնպես որ որոշ երկրներում միջազգային ռոումինգի HelloSIM-ի SIM-քարտը ոչ միայն շատ հարմարավետ է, այն անհրաժեշտություն է, որը չունի այլընտրանք:

Ինչպե՞ս է գործարկվել HelloSIM նախագիծը։

Մեր թիմը հեռահաղորդակցության ոլորտում ունի բավական մեծ փորձառություն, որը եւ օգտագործել ենք նախագծի ստեղծման ժամանակ։ Ներգրավվել են նաեւ Հայաստանից եւ արտասահմանից մասնագետներ, որոնք օգնել են աշխարհի 207 երկրներում SIM քարտի աշխատանքն ապահովող համակարգ ստեղծել: Մեր թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, կարողացանք ստեղծել մի համակարգ, որն իր հնարավորություններով չի զիջում շուկայի առաջատարներին։
Մեր թիմի անմնացորդ նվիրումի և ներգրավվածության շնորհիվ մեր նախագիծը ունեցավ հաջողություններ։

Ինչպե՞ս է ձեզ հաջողվել մտել Հայաստանի հեռահաղորդակցության շուկա՝  հաշվի առնելով  խոշոր ընկերությունների ներկայությունը եւ բավական կոշտ մրցակցային պայմանները։

Աշխարհը փոխվում է, եւ այն, ինչ չէր կարելի 10 տարի առաջ անել, այսօր հեշտ է անել. բազմապատկվել, փոխակերպվել եւ փոխվել են գործունեության հարթակները, մարդիկ ավելի տեղեկացված են, տարբեր մրցակցային պայմաններում ցանկացած ապրանքի առաջխաղացման հնարավորությունները մեծացել են, շուկա մտնելու գործիքները ընդլայնվել են, այդ թվում՝ մարքեթինգային: Եթե ճկուն լինես, ցանկացած ապրանք ցանկացած շուկայում կարելի է առաջ տանել: Ժամանակակից աշխարհում պետք է լինել հնարավորինս նորարար և ճկուն՝ շուկայի պահանջները բավարարելու և մրցակցային իրավիճակներում շահավետ դիրքում հայտնվելու համար։ Իրականում Հայաստանում նոր նախագիծ սկսելը դժվար է. վաճառքի ներքին շուկան չափազանց փոքր է, եւ HelloSIM-ի նման ստարտափը իր գործունեությունը ընդլայնելու համար, պետք է մուտք գործի նաև նոր շուկաներ։ Հետեւաբար, մենք մտադիր ենք ինտենսիվորեն տարածել մեր ծառայությունները այլ երկրների շուկաներում: Մենք ունենք հաճախորդներ աշխարհի ավելի քան 50 երկրում, և այս տարի մտադիր ենք մուտք գործել բելառուսական շուկա։

Ղեկավարի ո՞ր անձնական հատկանիշներն են ձեզ օգնում հաջողությամբ առաջ տանել բիզնեսը։

Ընկերության ղեկավարը պետք է լայն մտահորիզոն ունենա, նրա նպատակներն ու խնդիրները պետք է մասշտաբային լինեն, որքան էլ անհնարին ու դժվար թվան: Սթարթափը դա նախ եւ առաջ երազանք է, մտքի թռիչք, եւ շաբլոնային կաշկանդված մտածողությունը հաստատ չի օգնի երազանք իրականացնել: Նպատակների լայն ընդգրկումը աշխատասիրության եւ հետեւողականության հետ միասին՝ ցանկացած գործարարի հաջողության գրավականն է: Եվ իհարկե, կարեւոր է լավ թիմ հավաքելը, քանի որ նախագծերը իրականացնում են մարդիկ: Ցանկացած բիզնեսի ամենակարեւոր կապիտալը մարդկային ռեսուրսն է: Կան մարդիկ՝ կա բիզնես:

Ձեր հիմնական ուղերձը մյուս սկսնակ ձեռնարկատերերին. չվախենալ դժվարություններից եւ անհաջողություններից. Դուք նման վախեր չեք ունեցե՞լ։

Իրականում գաղափարները կյանքի կոչվելու յուրօրինակ հատկություն ունեն: Կարող են բազմաթիվ գաղափարներ ծնվել, բայց դրանցից իրականանում են միայն նրանք, որոնք մարդուն հանգիստ չեն տալիս, ստիպում են ինչ-որ գործողություններ կատարել. դա գաղափարի իրականացման հենց առաջին փուլն է:

Կարեւորը գաղափարին հավատալն ու չվախենալն է, հակառակ դեպքում՝ քո անկեղծությանը ոչ ոք չի հավատա կամ կեղծիք կզգա:

Ձեր աշխատակիցները ձեր գործընկերնե՞րն են, թե՞ ենթակաները։

Մեր ընկերության ղեկավարությունը եւ աշխատակիցները իհարկե, գնահատում են գործընկերային հարաբերությունները եւ կարծում են, որ այդ հարաբերութունները գործընկերային շփման կամ մենեջմենթի մակարդակից պետք է ավելի առարկայական աստիճանի անցնեն: Մենք ձգտում ենք նրան, որպեսզի մեր ընկերությունում աշխատող մարդիկ լինեն ոչ թե պարզապես աշխատակիցներ, այլ իրենց ջանքերի, աշխատանքի համար իրենց բաժին մասնակցությունն ունենան բիզնեսում:

Սթարթափը ղեկավարելը շատ եռանդ, էներգիա եւ ժամանակ է պահանջում: Ինչպե՞ս եք դուք պահպանում հավասարակշռությունը աշխատանքի, հանգստի եւ անձնական կյանքի միջեւ։

Դա բավականին դժվար է, միշտ էլ կա «տուժող» կողմ: Ամեն ինչ իհարկե կախված է մարդու բնավորությունից եւ առաջնահերթություններից, սակայն աշխատանքի եւ անձնական կյանքի համատեղման խնդիրը միշտ էլ հետապնդում է ցանկացած գործարարին, հատկապես սթարթափը սկսողին. նրանից ավելի լարված աշխատանք է պահանջվում, ավելի բարդ եւ սուր խնդիրների լուծում: Եթե ես իմանայի, ինչպես համատեղել եւ ամեն ինչ հասցնել....

Որո՞նք են ձեր առաջարկած ռոումինգային ծառայությունների առավելություններն ի տրաբերություն մյուս օպերատորների ծառայությունների հետ։ 

HelloSIM-ն առաջարկում է միասնական SIM քարտ, որը կարելի է օգտագործել աշխարհի 207 երկրներում: Մեր առավելությունը ցածր գինն է, որը պետք է ավելի իջնի: Երբ ճամփորդում են HelloSIM քարտի հետ, հարմարավետության զգացումը ուղեկցում է մեր հաճախորդներին։ Ճանապարհորդելով HelloSIM քարտի հետ, մեր հաճախորդները ամենուր իրենց տանն են զգում: Սա մեր ծառայությունների հիմնական առավելությունն է:

Ճանապարհորդողների համար շատ կարեւոր է տեղաշարժվելու ընթացքում միշտ կապի մեջ լինելը. դա ապահովություն, գործողությունների ազատություն է տալիս, ապահովում է ուղեւորության որակը, ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնելու հնարավորություն է ընձեռնում: Այլ երկրում ժամանելուց հետո համացանցի օգնությամբ կարելի է հյուրանոցում համար ամրագրել, տաքսի պատվիրել, ճանապարհը, տեսարժան վայրերը, հասարակական սննդի եւ ժամանցի վայրերը գտնել:

Այսօր ճանապարհորդության հետաքրքիր կազմակերպման համար բազմաթիվ հավելվածներ կան. մասնակցությունը սիթի տուրերին, տեղացիների հետ ծանոթությունը, որը բավական տարածված է երիտասարդության շրջանում: Բացի այդ նրանց համար կարեւոր է հենց տպավորությունների, զգացողությունների պահին լուսանկարներով կիսվելը:

Մեր հիմնական առավելությունը Multi IMSI (International Mobile Subscriber Identity) տեխնոլոգիան է. յուրաքանչյուր երկրում մենք օգտագործում ենք այն օպերատորի IMSI-ն, որը լավագույն գինն ու որակն է առաջարկում: Դրանով իսկ մենք տարածաշրջանում գործող ամենացածր սակագինն ենք առաջարկում: Մեր մյուս առավելությունը ցանցի առավել լայն ծածկույթն է, քան ավանդական օպերատորներինը: Մոբայլ ինտերնետի համար մեր կողմից առաջարկվող գինը 3 անգամ ցածր է հայկական շուկայի ամենաօպտիմալ առաջարկից:

Ընկերության կողմից ի՞նչ արդյունավետ լուծումներ են ներդրվել ռոումինգային բրոքերի հետ համագործակցության տեսանկյունից։

Ռուոմինգային բրոքեր շատ բարձր է ասված, քանի որ աշխարհում իրականում բրոքերային մեծ շուկա չկա: Դա շատ սահմանափակ միջավայր է: Այստեղ որպես հիմնական խաղացողներ են հանդես գալիս համաշխարհային պահպանողական ընկերությունները, որոնք դժվարությամբ են իրենց արտադրանքը բրոքերային շուկա հանում: Մենք լավ կապեր ենք հաստատել տարբեր բջջային օպերատորների հետ, որոնց IMSI-ը մենք ուղղակիորեն կամ բրոքերի միջոցով ենք օգտագործում:

Որո՞նք են HelloSIM քարտի օգտագործման պայմանները: Ի՞նչ սակագնային պլաններ եք դուք առաջարկում:

Մենք ինտերնետ-փաթեթներ ենք առաջարկում, որորնք ունեն միասնական գին աշխարհի 60 երկրներում: Մեր առաջարկած փաթեթների շրջանակում 1ՄԲ մոբայլ ինտերնետի գինը սկսում է 5,8 ՀՀ դրամից։:

Ձեր ընկերության կարգախոսն է՝ «Կապի մեջ լինել ամենուր. դա ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն»: Որքանո՞վ է հարմարավետության այս աստիճանն արդեն հասանելի ձեր բաժանորդների համար: Ի՞նչ է արվում հաճախորդների պահանջները լիովին բավարարելու համար:

Մեր սպասարկումը հնարավորինս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Մեր հաճախորդները գոհ են իրենց ճանապարհի հավատարիմ ընկերոջ՝ HelloSIM-ի սպասարկումից:

Ընկերությունն այդքան մեծ չլինելով, ստեղծել է անհատական շփման եւ սպասարկման հարթակ. մեր հաճախորդները ցանկացած պահի կարող են մեզ հետ կապվել հայերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով՝ վեբ կայքից օնլայն չաթի միջոցով կամ զանգահարելով մեր հաճախորդների սպասարկման կենտրոն Մարդկանց մոտ անդադար կապ ունենալու պահանջը տարեցտարի աճում է, ուստի կարեւոր է հաճախորդին իմանալը, նրա վարքը եւ անհատական պահանջները ուսումնասիրելը, որպեսզի կարողանաս առաջարկել հնարավորինս համապատասխան ապրանք կամ ծառայություն:

Մենք միշտ գիտենք, թե կոնկրետ պահի որքան ռոումեր ունենք, անդադար կապ ենք ապահովում, հարցնում ենք ծառայությունների որակի մասին, նրանց գտնվելու վայրից կախված՝ SMS հաղորդագրությունների միջոցով առաջարկում ենք առավել շահավետ առաջարկները եւ փաթեթները: Մենք օգտագործում ենք հաճախորդների հետ բոլոր հնարավոր կապի ուղիները, որպեսզի հասկանանք նրանց նախընտրությունները: Սա ներկա իրողություններում մարքեթինգի եւ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջմենթի ամենակարեւոր բաղադրիչն է:

Որքանո՞վ են ձեր ծառայությունները պահանջված Հայաստանում։

Մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պահանջարկը, իհարկե, բարձր է, բայց այստեղ այլ գործոնները եւս իրենց դերն ունեն. ճանաչման, հեղինակության եւ վստահության խնդիր կա, որը մենք քայլ առ քայլ լուծում ենք: Արդեն 2017 թվականի արդյունքներով մենք հասկացանք, որ այս ուղղությամբ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել. տարեվերջին մեր հաճախորդների թիվը հասել է 10 հազարի: Այս տարվա ամռանը ակտիվ զբոսաշրջային ուղեւորությունների ժամանակ աճ ենք ակնկալում:

Պետք է նշեմ, որ Բելառուսում մեր ծառայությունների  պահանջարկը շատ ավելի բարձր է, քանի որ այս երկիրը Եվրոպայի հետ ավելի ակտիվ շփում ունի:

HelloSIM-ը մեկանգամյա՞ քարտ է, թե՞ այն կարելի է ուղեւորությունների ժամանակ մշտապես օգտագործել։

HelloSIM-ը փաստացի ժամկետ չունի եւ ուղեւորությունների ժամանակ կարող է նորից օգտագործվել: Հենց դա է HelloSIM-ի առավելություններից մեկը, որ այն կարելի է մշտապես օգտագործել ուղեւվորությունների ընթացքում աշխարհի 207 երկրում։

Ձեր նպատակն է շարունակել աճը եւ նոր սերնդի հեռահաղորդակցային ընկերություն դառնալ: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ եւ ծարգրում եք արդյոք ընդլայնել ձեր ծառայությունները:

Մեր նպատակը ոչ այնքան ընդլայնվելու, որքան ուղեւորությունների ժամանակ հաղորդակցման ազատ օգտագործման խնդիրները վերջնականապես լուծելու մեջ է: Մենք ստանձնում ենք այս խնդրի լուծումը եւ, եթե կարողանանք, ընկերության աճն ապահովված է:

Մտադիր ենք բջջային ինտերնետի  համացանցի ծառայություններն ընդլայնել: Մինչեւ 2018-ի հունիս նախատեսում ենք Android և iOS համակարգերի համար HelloSIM հավելված թողարկել: Այսպիսով հաճախորդները HelloSIM-ի հեշտ կառավարվող հաշվի հնարավորություն կունենան, ինչպես նաեւ այլ հետաքրքիր հնարավորություն՝ անվճար SMS ուղարկել աշխարհում ցանկացած հեռախոսահամարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ