Համաշխարհային տնտեսությունը պատժամիջոցների քաղաքականության պատճառով կարող է հումքային նոր սուպերցիկլի մեջ մտնել, ինչը նավթի գների նոր ռեկորդային աճի կհանգեցնի: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Նա պարզաբանել է, որ նավթի գների աճը տեղի կունենա ոչ թե ՕՊԵԿ+-ի (The Organization of the Petroleum Exporting Countries՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) համաձայնագրի շրջանակում իր առաջարկի կրճատման հաշվին, այլ՝ միակողմանի պատժամիջոցների քաղաքականության պատճառով: Այդպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին որոշումը վտանգել է համաշխարհային նավթաարդյունաբերության մոտ 5 տոկոսը: Իրանի շուրջ ճգնաժամը կարող է համաշխարհային նավթի շուկայի վերաբաժանման հանգեցնել, ասել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավարը: