News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

UWC միջազգային քոլեջների հիմնադիր Կուրթ Հանին ժամանակին հետաքրքրում էր՝ ինչպե՞ս անել, որ երրորդ համաշխարհային պատերազմ չլինի։ Լուծումը նա գտավ հետեւյալում՝ հիմնադրել դպրոցների ցանց, որտեղ երեխաները աշխարհի տարբեր երկրներից միասին կսովորեն։ Այդ մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցույց տալով UWC Dilijan դպրոցը, պատմեց գործարար, բարերար, քոլեջի հիմնադիր գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։

Գաղափարը, Վարդանյանի խոսքով, այն է, որ երեխաները, համատեղ սովորելով եւ ապրելով, կսովորեն հասկանալ այլ ժողովուրդների մշակույթը, մյուս երեխաների մոտիվացին եւ մի օր կդառնան հանդուրժող եւ իմաստուն չափահասներ, որոնք ոչ թե կպայքարեն միմյանց դեմ, այլ կկառուցեն եւ կզարգացնեն։

«Մենք նույնիսկ դեբատների հատուկ ակումբ ունենք, որտեղ երեխաները քննարկում են իրենց մտահոգող հարցերը, սովորում են հասկանալ միմյանց։ Մենք աշակերտներ ունենք Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից․..»,-պատմեց նա։

«Մենք այստեղ երբեք եղանակից չենք խոսում, որովհետեւ եղանակը փոխել չենք կարող։ Մենք խոսում ենք հանճարեղի մասին»,-իր հերթին նշեց ուսուցիչներից Ելենա Շերոզիայան։

Այսօր՝ մայիսի 26-ին, UWC Dilijan-ն ավարտում են 104 աշակերտներ աշխարհի 63 երկրներից, նրանցից 10-ը հայեր են, 3-ը՝ թուրքեր։ Կան նաեւ երեխաներ Նոր Զելանդիայից, Եթովպիայից, Կամբոջայից, Քենիայից եւ շատ այլ երկրներից:

Մեքսիկացի տղան, ընդառաջ վազելով վարչապետին, սեղմեց նրա ձեռքը եւ փայլեց հայերենի գիտելիքներով, որը սովորել էր ընկերների օգնությամբ։ Ճիշտ է, վարչապետի հայերենով հնչեցրած հարցը չհասկացավ, խոստովանեց, որ խոսել կարող է, իսկ ահա հասկանալ՝  ոչ այդքան։

«Խորհուրդ կտա՞ս Մեքսիկայի մյուս երեխաներին գալ եւ սովորել այստեղ՝ Հայաստանում»,-հարցրեց վարչապետն արդեն անգլերենով։

«Այո՛, իհարկե, ես բոլորին պատմում եմ, թե ինչ լավ է այստեղ»,-բացականչեց տղան։

Եթե մի քանի տարի առաջ, ինչպես նշում է UWC Dilijan քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, շատերը հարցնում էին, թե ում մտքով կանցնի ընդհանրապես գնալ Հայաստան՝ ուսանելու, ապա այսօր առնվազն մեկ դպրոց Հայաստանում գրավում է աշխարհի երեխաներին։

Զբոսնելով դպրոցի տարածքում՝ Նիկոլ Փաշինյանը նայեց դասարանները, սպորտային դահլիճը, գրադարանը, նույնիսկ հասցրեց հյուրերին ու լրագրողներին պաղպաղակ բաժանել եւ հեծանիվով գնալ պաղպաղակ բերելու։

«Շատերը կարծում են, որ այս դպրոցը միայն հատուկ երեխաների համար է։ Բայց իրականում ամեն մեկը կարող է այստեղ սովորել, պետք է միայն լավ անգլերեն իմանալ»,-պատմում էին վարչապետին ուղեկցող աշակերտները։

Պատասխանելով վարչապետի հարցին, թե ինչպես պետք է հեռավոր գյուղում բնակվող ընտանիքը վճարի հրաշալի անգլերեն իմացող երեխայի վարձը՝ երեխաները պատմեցին, որ իրականում աշակերտների 96 տոկոսը սովորում է մասնակի կամ լրիվ կրթաթոշակների հաշվին, եւ եթե երեխան տաղանդավոր է, բայց աղքատ ընտանիքից, նա անպայման կրթաթոշակ կստանա։ Ամեն տարի 18-20 երեխա Հայաստանից ուսման կրթաթոշակ է ստանում UWC-ում, իսկ նրանց մեծ մասը՝ մարզերից։ Շուրջ 10 հոգի մնում է Դիլիջանում, իսկ մյուսները մեկնում են 17 քոլեջնեեւրից մեկը։

 «Հայաստանը կապահովի կրթության բարձր մակարդակ»

Քոլեջն ավարտելու հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը ընթանում էր կայծակի ու տեղատարափ անձրեւի ձայների ներքո, Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ տպավորված էր, երբ Գյումրիից Երեւան իր երթի ժամանակ անցնում էր այդտեղով՝ մշակված, հագեցած դպրոցի տարածքը  զարմանալիորեն տարբերվում էր շրջապատող քաղաքից։ Հիմա նա հասկացել է, որ դպրոցը կարող է ոգեշնչման ու լավատեսության կենտրոն դառնալ ինչպես Դիլիջանի բնակիչների համար, այնպես էլ շատ այլ մարդկանց։ Ավելին, այն կարող է դառնալ ապագա Հայաստանի՝ սիրո եւ համերաշխության երկրի խորհրդանիշը՝ ապահովելով կրթության բարձր մակարդակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ