News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մայիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի ուխտավորների` ուղեկցությամբ Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա) Ս. Վարդան եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Տեր Հովելը,  հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը եւ ներկայացնելով համայն հայության հոգեւոր կենտրոն ժամանած թվով 20 ուխտավորներին, տեղեկացրեց, որ նրանց այցի նպատակն է մասնակցել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Սարդարապատի հերոսամարտերի տոնակատարություններին:

Այնուհետեւ Նորին Սրբությունն իր հայրապետական սերն ու օրհնությունը բերեց ուխտավորներին՝ մեծապես արժեւորելով այսօրինակ ուխտագնացությունները, որոնք հոգեւոր առումով մեծ խթան են հանդիսանում քրիստոնեական արժեհամակարգով դատիարակվելու գործում հատկապես հայրնիքից դուրս հաստատված հայորդիների համար:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց այն սերտ կապը, որ Սփյուռքում առկա է հոգեւորականի ու համայնքի անդամների միջեւ:

Վերջում, վերստին իր հայրական բարեմաղթանքները հայտնելով ամենքին, Նորին Սրբությունը  կարեւոր նկատեց այն, որ հեռավոր երկրներում ապրող հայորդիները մշտապես ցանկություն եւ պատրաստակամություն են հայտնում պարբերաբար հայրենիք գալու եւ զորանալով, ներշնչվելով ու ամրանալով՝ վերադառնալու իրենց ընտանիքներ:

Հանդիպմանը Հայոց Հովվապետը պատասխանեց նաեւ ուխտավորներին հուզող տարբեր հարցերի, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանն ու հայ ժողովրդին:

Տպել
Partner news